Հիվանդին սպասարկելու փաստով կանխավճարից հետվճարային համակարգին անցման ծրագիրը կհղկվի 2017 թվականի ընթացքում եւ, հնարավոր է, լիարժեք կգործարկվի արդեն 2017-ի կեսերին կամ 2018-ի սկզբին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Ըստ Լեւոն Ալթունյանի՝ դրա համար նախ պետք է վերանայել արտոնություն ունեցողների ցուցակը, որտեղից կհանվեն ապահով խավերը, նաեւ կկրճատվեն որոշ ծրագրեր, որոնք մինչ այդ պետական ֆինանսավորում էին ստանում։
«Եթե «Փարոս»-ի չափանիշերը ճիշտ սահմանվեն, ապա այդ ցուցակից դուրս կգա շուրջ 700-800 հազար մարդ։ Եվ այդ հարցով աշխատանքներ են իրականացվում աշխատանքի ու սոցապահովության նախարարության հետ»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ Հայաստանի յուրաքանչյուր նոր կառավարություն, առաջնորդվելով պոպուլիստական նկատառումներով, պետպատվերում ներառում էր նորանոր ծրագրեր, ու դա հանգեցրել է նրան, որ հիմա այդ գումարները պարզապես չեն բավականացնում բոլոր նախատեսված ծրագրերի համար։
«Մենք հստակ կհաշվարկենք, թե ինչին կբավականացնի մեր գումարը եւ կհայտնենք այդ մասին։ Ցանկը, հավանաբար, այդքան ընդարձակ չի լինի, որքան հիմա, քանի որ հիմա պետպատվերում ընդգրկված ծրագրերը կենացներ են, դրանց տակ իրական թվաբանական հաշվարկներ չկան։ Մենք կհաշվենք ու կասենք, որ այդ գումարները կբավականացնեն այսքանին»,- ասել է նախարարը։






