ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգ են պտղի ուլտրաձայնային պատկերը ստանալու կամ նրա սրտխփոցը «որպես հուշ» Դոպլերի սարքով ձայնագրելու աճող տարածվածությամբ: ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայությունը (FDA) զգուշացնում է նման «հուշանվերների» վնասակարության մասին, փոխանցում է webmd.com-ը:

Չնայած հետազոտության երկու տեսակն էլ անվնաս են համարվում՝ դրանք պետք է միայն բժշկի նշանակման դեպքում անել: Ոչ բժշկական նպատակներով այդ սարքերի օգտագործման ավելացող դեպքերը հարուցում են ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաների անհանգստությունը:

«Չնայած մինչ օրս ՈՒՁՀ-ի եւ Դոպլերի հետազոտությունների ոչ մի ռիսկ չի հայտնաբերվել՝ դրանց հետ կապված ճառագայթումը կարող է ազդել օրգանիզմի վրա»,- ասում է ամերիկացի ճառագայթաբան Ռոբերտ Ֆիլիպսը:

«Երբ ուլտրաձայնը ներթափանցում է մարմնի մեջ, այն թեթեւակի դիպչում է հյուսվածքներին,- ասում է Ֆիլիպսը:- Որոշ դեպքերում դա կարող է հեղուկի կամ փափուկ հյուսվածքների մեջ գազով լցված փոքրիկ գրպանիկներ առաջացնել»:

Որոշ դեպքերում, երբ մայրերն ուզում են որպես հիշատակ պտղի տեսագրությունը նվեր ստանալ, ուլտրաձայնային սարքը կարող է մի ամբողջ ժամ օգտագործվել, ասում է Ֆիլիպսը:

FDA-ը նաեւ անհանգստություն է հայտնել Դոպլերի սարքի միջոցով պտղի սրտխփոցը ձայնագրելու ոչ պաշտոնական վճարովի ծառայությունների վերաբերյալ: Գործակալությունը պնդում է, որ այդ ծառայությունները պետք է բժշկի ուղղորդմամբ մատուցվեն: