Ամերիկյան հոգեբանները գործուն միջոց են գտնել, որը կօգնի ինքդ քեզ ստիպել ֆիզկուլտուրայով զբաղվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine Reports ամսագրում:
Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանների կարծիքով՝ կանոնավոր կերպով մարզասրահ այցելելուն ու անհրաժեշտ վարժությունները ճիշտ անելուն կարող է նպաստել մրցակցությունը։ Տեսնելով մարզասրահի մյուս այցելուների արդյունքները՝ մարդիկ ուզում են գերազանցել նրանց։ Որոշ ֆիթնես ակումբների ընկերական ու լիցքաթափող մթնոլորտը, գիտնականների խոսքով, չնայած գրավում է նոր անդամների, բայց գրեթե չի մոտիվացնում արդյունքների հասնելու առումով։
Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ 800 ուսանողների 11 ամիս շարունակ անվճար մարզադահլիճ հաճախելու հնարավորություն ընձեռելով։ Լավագույն արդյունքներն արձանագրել են այն մասնակիցները, որոնց ցուցադրել են մյուսների ձեռքբերումները ու մատնանշել նրանց սեփական թերությունները։
Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքը կօգնի մշակել մոտիվացիայի արդյունավետ միջոցներ, որոնք մարդկանց կդրդեն ֆիզկուլտուրայով զբաղվել։ Բացի այդ, հետազոտությունը ցույց է տալիս, որ մրցակցությունն օգտակար է ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտում, այլեւ ֆիզկուլտուրայում։






