Լապարոսկոպիան քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, որը կարող է օգտագործվել թե՛ ախտորոշիչ, թե՛ բուժական նպատակներով։ Որո՞նք են բաց վիրահատությունների նկատմամբ լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները։ NEWS.am Medicine ի թղթակցի հետ այս մասին զրույցում իր տեսակետը հայտնեց ՌԴ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ Իգոր Պոդդուբնին։
Լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կարելի է զննել ամբողջ որովայնային խոռոչը
Լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կարելի է հատուկ տեսախցիկների միջոցով ներսից զննել ամբողջ որովայնային խոռոչը ու հայտնաբերել խնդիրներ, որոնք այլ կերպ հայտնաբերելը բարդ կլիներ։ Օրինակ եթե կատարվում է աճուկի աջակողմյա իջվածքի բաց վիրահատություն ՝ վիրաբույժը կտրվածքը աջ կողմում է անում ու միայն այդ կողմում աշխատում։ Որոշ ժամանակ հետո հիվանդի մոտ կարող է հայտնվել իջվածք ձախ մասում ու նրան նորից ստիպված կլինեն վիրահատել։ Իսկ եթե լապարոսկոպիկ վիրահատություն է արվում, վիրաբույժը զննում է ամբողջ որովայնի խոռոչը ու կարող է նկատել նոր սկսվող իջվածքը ձախից ու անմիջապես վիրահատել նաեւ այն, որպեսզի հետո երկրորդ վիրահատության կարիք չլինի։
Կամ մեկ այլ օրինակ՝ լեղապարկի լապորոսկոպիկ հեռացման ժամանակ վիրաբույժը կարող է զննել նաեւ հիվանդի աճուկային օղակները ու եթե խնդիր հայտնաբերվի, որը կարող է աճուկի իջվածքի հանգեցնել, միանգամից այդ խնդիրն էլ լուծել՝ հիվանդին ազատելով հետագա խնդիրներից։
Կպումների առաջացման հավանականությունն ավելի փոքր է
Մասնագետի խոսքով , եթե որովայնի խոռոչում վիրահատությունն արվում է լայն կտրվածքով, կպումների ձեւավորման վտանգ կա, քանի որ աղիների հանգույցները կարող են կպնել սպիներին ՝ որովայնի առջեւի պատի վրա։ Որքան մեծ է սպին, այդքան շատ է կպումների վտանգը, քանի որ դրանց առաջացման համար տեղերն ավելի շատ են։ Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո կպումների առաջացման վտանգը ավելի ցածր է , քանի որ մեծ կտրվածքներ չեն արվում՝ ամբողջ վիրահատությունն արվում է փոքր՝ 3 միլիմետրանոց անցքերի միջոցով։
Արագ վերականգնում վիրահատությունից հետո
Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդն ավելի արագ ու հեշտ է վերականգնվում եւ ստիպված չի լինում երկար պառկել հիվանդանոցում։ Նա մեծ սպիներ չի ունենում, ոչ էլ դրա հետ կապված խնդիրներ՝ թարախակալում, բորբոքում, իջվածք վերքի մասում։ Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո փոքր սպիներ են մնում, որոնք որոշ ժամանակ անց աննկատ են դառնում։
Հիշեցնենք, որ ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ Իգոր Պոդդուբնին հոկտեմբերի 27-28-ը Երեւանի «Արաբկիր» բուժկենտրոնում 6 լապարոսկոպիկ վիրահատություն է արել, նաեւ մանկական վիրաբուժության մեջ լապարոսկոպիայի կիրառման մասին դասախոսություն կարդացել Երեւանի, Հայաստանի մարզերի ու Լեռնային Ղարաբաղի բժիշկների ու կլինիկական օրդինատորների համար։
Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Մասնակիցները կստանան 10 գործնական ու Անընդմեջ բժշկական կրթության 2 տեսական կրեդիտ ու սերտիֆիկատներ։






