Էլեկտրոնային առողջապահության ներդնումը կլուծի նաեւ ընտանեկան բժիշկների ինստիտուտի կայացման խնդիրը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Երեւանում այդ ինստիտուտը չի կայացել, եւ ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ մարզերում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել է, քանի որ այնտեղ բոլոր դեպքերում դիսպետչերը ընտանեկան բժիշկն է: «Իսկ քաղաքում հնարավորությունները շատ են. ընտանեկան բժիշկը մի տեղում է նստում, բայց դու կարող ես գնալ ուրիշ տեղ ցանկացած ուրիշ նեղ մասնագետի մոտ, եւ դրանով ընտանեկան բժիշկը կորցնում է իր դիսպետչերական գործառույթները, եւ դու ոչ մի բանով նրա հետ կապված չես, համենայն դեպս, նա միակը չէ, ով քեզ համար դեղատոմս գրելու իրավունք ունի: Իսկ սոֆթը այդ բոլոր այցելությունները կապում է մեկ դիսպետչերի հետ, եւ միայն նրանից դու կարող ես տեղեկանք, դեղատոմս եւ այլ բաներ վերցնել»,- ասել է նա:
Լեւոն Ալթունյանը հավելեց, որ հիվանդի մասին ամբողջ ինֆորմացիան նույնականացման քարտի միջոցով կհավաքվի ընտանեկան բժշկի մոտ, եւ հիվանդության պատմությունն արդեն թղթային անկետա չի լինի, այլ էլեկտրոնային տեսքով կլինի ընտանեկան բժշկի մենեջմենթի տակ:
Նախարարը հայտնեց նաեւ, որ e-health սոֆթը 3 տարի մշակվում է նախարարությունում, եւ գործարկվել է պիլոտային ծրագիր, իսկ դրա լիակատար ներդրման համար անհրաժեշտ կլինի 1.5-2 տարի:






