ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը համարում է, որ բժշկական ուղեցույցներ ներդնելու գործընթացը մի կողմից կպաշտպանի բժիշկներին, իսկ մյուս կողմից թույլ կտա բնորոշում տալ «բժշկական սխալ» հասկացությանը: «Իհարկե, դա չի նշանակում, որ ուղեցույցից ցանկացած շեղում կգնահատվի որպես բժշկական սխալ, բայց ցանկացած շեղում կուսումնասիրվի մանրադիտակի տակ»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ բժշկական ուղեցույցներ ներդնելու գործընթացը կարող է 7-8 ամիս տեւել: «Ներդրման գործընթացը կընթանա հետեւյալ կերպ. ամեն գլխավոր մասնագետին կից ստեղծվում է 5-10 անգլալեզու բժիշկներից կազմված աշխատանքային խումբ, որոնք թարգմանում են ուղեցույցները՝ ամերիկյան, եվրոպական կամ ավստրալական, նայած թե դրանցից որոնք են ավելի մոտ մեր իրականությանը: Հետո գլխավոր մասնագետը կարդում է դրանք եւ ստորագրում ամեն էջի տակ, որով վավերացնում է, որ դա Հայաստանի համար ընդունելի է դեղերի, գործիքների եւ այլ բաների տեսակետից: Եթե արձանագրությունում կան դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն, դրանք գրվում են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ կամ պետք է դրանց համար փոխարինող գտնել կամ գրանցել Հայաստանում»,- ասել է նախարարը:
«Աշխատանքն արդեն ընթանում է, գլխավոր մասնագետներից ոչ ոք չի դիմադրում»,- ասել է նա:






