Հայաստանում ընթացիկ աշնանը գրանցվում են շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիաներ, որոնք հարուցում են ռինովիրուսները, նաեւ մրսածության հետեւանքով առաջացող հիվանդությունները, որը կապված է օդի ջերմաստիճանի կտրուկ անկման հետ: Այս սեզոնին գրիպի վիրուսներ դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով՝ ռինովիրուսները հաճախ ախտահարում են դպրոցահասակ երեխաներին, բայց քանի որ այսօրվանից դպրոցներում աշնանային արձակուրդներն սկսվել են, հավանական է, որ այս տարի ռինովիրուսները շատ չեն տարածվի։ Վիրուսային ինֆեկցիաները ավելի հեշտ են տարածվում փակ հաստատություններում, որտեղ մեծաթիվ մարդիկ են հավաքվում, ուստի դրանց տարածումը զգալիորեն նվազ կլինի, եթե երեխաները դպրոց չհաճախեն:
Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով՝ այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկողության տակ է, եւ ռինովիրուսներով հիվանդացությունը նույնիսկ ավելի քիչ է, քան անցյալ տարի: Սակայն հիվանդության վիճակագրություն գոյություն չունի, քանի որ ոչ բոլոր մարդիկ են դիմում բժիշկի:
Ռինովիրուսների տարածումը կանխելու համար Արա Ասոյանը հետեւյալ խորհուրդները տվեց.
• Եթե երեխան շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիայով է հիվանդ, նրան չի կարելի դպրոց կամ բուհ հաճախել: Մեկ հիվանդ երեխան կարող է օրվա ընթացքում մի քանի տասնյակ առողջ երեխաների վարակել:
• Եթե հիվանդ եք, աշխատանքի մի գնացեք եւ աշխատեք մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել:
• Եթե հիվանդ եք եւ ստիպված եք տանից դուրս գալ, բժշկական դիմակ կրեք:
• Դիմակը պետք է փոխել 8 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում նույն դիմակը կրել ամբողջ օրը, առավել եւս՝ մի քանի օր:
• Աշխատեք տաք հագնվել, որպեսզի չմրսեք:
• Հարկ է բժշկի դիմել այնպիսի ախտանշանների դեպքում, ինչպիսին են՝ թուլությունը, ախորժակի անկումը, գլխացավը, գլխապտույտը, բարձր ջերմությունը, հարբուխն ու հազը:
Արա Ասոյանը հիշեցրեց, որ ռինովիրոսները կարող են հաղթահարել 120 սանտիմետր հեռավորությունը: Դա նշանակում է, որ նույնիսկ թարմ օդում է առկա վարակվելու հավանականությունը, եթե կանգնեք հվանդ մարդու կողքին:






