Հոկտեմբերի 31-ին բոտուլինոտոքսինի վարակումից վախճանված կինը չափազանց ուշ է դիմել բժիշկներին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Դեռեւս հոկտեմբերի 26-ին կինը, ով մոտ 70 տարեկան է, եւ նրա ընտանիքի մյուս անդամները կերել են տնային պայմաններում կանաչ տաքդեղից պատրաստված պահածո: Հաջորդ օրը կնոջ մոտ նկատվել են թունավորման առաջին նշանները՝ կլլման դժվարություն, մշուշոտ տեսողություն, ընդհանուր թուլություն եւ ձայնի խռպոտություն: Հավանաբար այս ախտանշաններին ուշադրություն չդարձնելով՝ նա նույն օրը բժշկի չի դիմել: Հոկտեմբերի 30-ին՝ ախտանշանների երեւան գալուց երեք օր հետո, նրա վիճակը վատացել է, եւ շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են տեղափոխել, նա որտեղ հաջորդ օրը մահացել է:
Միեւույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին, բոտուլինոտոքսինի վարակմամբ հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նրա որդին, հարսը եւ թոռը: Ներկայումս երեքն էլ գտնվում են սուր թունավորման բաժանմունքում, նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում: Սուրեն Մակարյանի խոսքով՝ այսօր երեքի վիճակը փոքր-ինչ լավ է, քան երեկ: Ըստ երեւույթին բոտուլինոտոքսինի խտությունը նրանց կերած բաժնում քիչ է եղել, քան վախճանված կնոջ (այս տոքսինը ամբողջ պահածոյում հավասարաչափ չի տեղաբաշխվում՝ ինչ-որ հատվածում կարող է շատ լինել, իսկ այլ հատվածում՝ քիչ), դրանից զատ՝ ընտանիքի ողջ մնացած անդամներն ավելի երիտասարդ են եւ ամուր, հետեւաբար նրանց օրգանիզմին ավելի հեշտ էր վտանգավոր տոքսինին դիմակայելը:
Սուրեն Մակարյանը հիշեցրեց, որ տնային ցանկացած պահածոները առողջության համար վտանգավոր են. պատրաստելուց առաջ բանջարեղենը որքան էլ մանրակրկտորեն լվանան, մշտապես վտանգ կա, որ դրանց վրա կմնան Clostridium botulinum-ի սպորներ, որոնք անօդ տարածքում թույն են արտադրում, որը մահացու վտանգ է ներկայացնում, հատկապես եթե օգնության ժամանակին չեն դիմում: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չպատրաստել եւ չուտել տնային պահածոներ, իսկ ցանկացած տարօրինակ նշանների դեպքում անմիջապես բժշկի դիմել, թեկուզ եւ՝ համենայնդեպս:






