Նախազգուշացում. ոմանց ներկայացված լուսանկարները կարող են տհաճ թվալ
Եթովպիայից 5-ամյա Աբելը բորենու հարձակման հետեւանքով կորցրել է ծնոտի ստորին հատվածն ու ականջը: Հիմա նա պետք է պլաստիկ վիրահատությունների ենթարկվի, որոնք կվերականգնեն նրա արտաքինն ու ծնոտի գործառույթները՝ նրա կյանքը քիչ թե շատ լիարժեք դարձնելով: Աբելի պատմությունը ներկայացրել են Body Bizarre հաղորդման ընթացքում:
Տղան խաղալիս է եղել իր տանից ոչ հեռու, երբ բորենին հարձակվել է նրա վրա: Հետաքրքիր է, որ սովորաբար այս կենդանիները, գյուղի բնակիչների խոսքով, չեն մոտենում մարդկանց տներին եւ առանց ակնհայտ պատճառի չեն հարձակվում: Երեխան, հավանաբար, սխալ պահի սխալ վայրում է հայտնվել: Լսելով Աբելի ճիչերը՝ մայրը մոտ է վազել, քշել բորենուն եւ տղային հիվանդանոց հասցրել:
Երեխային առաջին օգնություն ցուցաբերած բժիշկը խոստովանել է, որ առաջին անգամ է նման սարսափելի վնասվածքներ տեսնում: Փոքրիկ հիվանդն անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Ծնոտի ստորին հատվածն ու բազմաթիվ մկաններ պարզապես չեն եղել: Վտանգ կար, որ երեխան շնչահեղձ կլինի եւ կմահանա: Արտակարգ վիրահատության ընթաքում բժիշկը մետաղական խողովակ է տեղադրել տղայի կոկորդում, որտեսզի նա կարողանա շնչել: Ողջ մնալու հավանականությունը 10%-ից ավելի չի եղել:
5 ամիս ինտենսիվ թերապիայի բաժանմունքուն անցկացնելուց հետո տղան տեղափոխվել է վերականգնողական հատուկ կենտրոն, որտեղ աստիճանաբար կազդուրվում է: Նա կարող է ինքնուրույն խոսել եւ շատ ավելի լավ է զգում: Այստեղ բարեգործական հիմունքով աշխատող պլաստիկ վիրաբույժները հույս ունեն վերականգնել երեխայի դեմքը: Նրանք ծրագրում են վերականգնել ծնոտը՝ օգտագործելով ոտքից վերցված մաշկն ու ոսկորները: Ակնկալվում է, որ այս վիրահատությունից եւ հետագա վերականգնողական բուժումից հետո տղան կկարողանա նորմալ խոսել եւ ուտել:









