Բժիշկները հայտնաբերել են, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է հեպատիտի հանգեցնել: BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում բժիշկները հայտնել են լյարդի ֆունկցիայի սուր խանգարմամբ 50-ամյա տղամարդուն հոսպիտալացնելու դեպքի մասին, որն առաջացել է 3 շաբաթվա ընթացքում 4-5 էներգետիկների ամենօրյա օգտագործումից հետո:

50-ամյա հիվանդը հիվանդանոց է դիմել հեպատիտի առաջին նշանների երեւան գալուց միայն մի քանի օր հետո: Նա սրտխառնոցը, փսխումը եւ որովայնի ցավերը սկզբում որպես գրիպի նշաններ է ընդունել: Սակայն հետո մեզը գունափոխվել է՝ ավելի մուգ դառնալով, իսկ աչքերի սպիտակուցները դեղնել են:

Հիվանդանոց դիմելուց հետո կատարվել է լյարդի բիոպսիա, որը հաստատել է բժիշկների նախնական կասկածները՝ սուր հեպատիտ: Հիվանդության պատճառը, սակայն, բավական դժվար էր պարզել: Ալկոհոլի եւ հեպատիտի բնական վիրուսի պատճառներն անմիջապես ժխտվել են. անալիզները ցույց են տվել, որ նա չի տառապել դրանցից ոչ մեկով: Սակայն լյարդում մեծ քանակով В3 վիտամին էր պարունակվում (նիկոտինաթթու):

Պարզվել է, որ նա օրական 10 ժամ աշխատել է շինարարությունում, ինչի հետեւանքով դժվարացել է իր պարտականությունները կատարել եւ սկսել է օրական 4-5 տարա էներգետիկ օգտագործել: Սրանով էլ պայմանավորված է եղել լյարդում վիտամինների բարձր մակարդակը:

Էներգետիկներ արտադրողներից շատերն իրենց ըմպելիքին, կոֆեինից եւ այլ խթանիչներից բացի, հավելում են նաեւ վիտամիններ: Ըստ որում՝ դրանցում չափաքանակն այնքան մեծ է, որ  մեկ տարայից ավելի խմելու դեպքում կարելի է ստանալ օրական չափաքանակն զգալիորեն գերազանցող В3 վիտամին: Քանի որ հիվանդը 3 շաբաթ շարունակ խմել է օրական 4-5 տարա, դասական հիպերվիտամինոզ է ձեռք բերել:

Նրա համար նիկոտինաթթվի օրական չափաքանակը հավասար է եղել 160—200 միլիգրամի, մինչդեռ անվտանգ չափաքանակ է համարվում 100 միլիգրամը: Օրական 500 միլիգրամի եւ ավելիի դեպքում հնարավոր է սուր թունավորում: Այս դեպքի բուժումը հանգել է էներգետիկների օգտագործման դադարեցման, որից հետո (դեպքը բարձիթողի վիճակում չէր) հաշված օրերի ընթացքում լյարդը կարգավորվել է:

Բժիշկների խոսքով՝ քանի որ էներգետիկ ըմպելիքների շուկան շարունակում է արագորեն ընդլայնվել, օգտագործողները պետք է տեղեկանան պոտենցիալ վտանգների մասին: Վիտամինները եւ սննդարար նյութերը, ինչպիսին է նիացինը, դրանցում այնպիսի քանակով են պարունակվում, որը զգալիորեն գերազանցում է օրական խորհուրդ տրվող չափաքանակը: