Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրերը:
Նա հայտնեց, որ նոյեմբերի 4-ին տեղի կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ռեկտորին փոխելու որոշում կընդունվի: Միքայել Նարիմանյանի տեղեկություններով՝ իր պաշտոնը կզբաղեցնի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք ռեկտորի պաշտոնը սեփակա՞ն ցանկությամբ է լքում, Միքայել Նարիմանյանը նշեց, որ հեռանում է «գիտակցված անհրաժեշտությամբ» եւ մտադիր է պրոֆեսորա-դասախոսական գործունեությունը շարունակել ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնում: Նշենք, որ արդեն 14 տարի նա է ղեկավարում այդ ամբիոնը:
Արմեն Մուրադյանի խորհրդական Տաթեւիկ Գրիգորյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմեն Մուրադյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին հրավիրված է որպես ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, այլ մանրամասներ իրեն հայտնի չեն:






