Հայաստանի մանկաբույժների 5-րդ ազգային կոնգրեսը, որը Երեւանում մեկնարկել է նոյեմբերի 4-ին, նվիրված է հայ հայտնի մանկաբույժ Վադիմ Թեւոսյանի (1939-2016) հիշատակին, որը երկար տարիներ եղել է Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը եւ մոր ու մանկան առողջության հարցերով փոխնախարարը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ Մանկաբույժների հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մանկաբույժները, նեոնատոլոգները եւ ընտանեկան բժիշկները, ինչպես նաեւ Շվեյցարիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից հրավիրված մասնագետներ, որոնք հանդես կգան դասախոսություններով ծայրահեղ հրատապ, բայց քիչ քննարկվող խնդիրների վերաբերյալ, ինչպիսին են, օրինակ, ներզատական համակարգի խնդիրների պատճառով առաջացող գաճաճությունը, որի մասին կխոսի Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դանիել Կոնրադը:

Պրոֆեսոր Ֆելիքս Նիգլին (Շվեյցարիա) կխոսի սպիտակարյունությամբ հիվանդներին օգնելու մասին, պրոֆեսոր Իրինա Զախարովան (Ռուսաստան)՝ կղանքում արյան խնդիրների մասին, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը (Հայաստան) ելույթ կունենա D վիտամինի եւ ռախիտի թեմայով: Կանդրադառնան նաեւ այս սեզոնին անչափ հրատապ սուր շնչառական վարակներին, գրիպի եւ թոքաբորբի խնդիրներին. այդ մասին կխոսեն դոցենտ Սերգեյ Սարգսյանը եւ պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:

Կոնգրեսի աշխատանքների երկրորդ օրը կներկայացվեն պրակտիկայի ընթացքում գրանցված հետաքրքիր եւ արտասովոր դեպքեր՝ ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապեւտիկ: Կոնգրեսի կազմակերպիչների կարծիքով՝ այդ դեպքերին տեղեկանալը կարող է շատ օգտակար լինել գործող մանկաբույժների համար. դա նրանց կարող է նոր գիտելիքներ տալ, որոնք գործնականում, հավանաբար, պիտանի կլինեն: