Հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդը, որն առաջարկել են ամերիկացի հետազոտողները Exact Sciences Corp. (EXAS)-ից եւ Մայոյի կլինիկայից, ճշգրտությամբ մոտ է կոլոնոսկոպիային, բայց այն հնարավոր է ինքնուրույն կիրառել:
Մեթոդը հիմնված է կղանքի մեջ քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ի հայտնաբերման վրա, ինչը հնարավորություն է տալիս այն նույնիսկ տնային պայմաններում օգտագործել: Cologuard թեստի ճշգրտությունը, հետազոտողների խոսքով, առնվազն 90% է, ինչը միայն մի քիչ է զիջում կոլոնոսկոպի միջոցով աղիների վիզուալ հետազոտությանը:
Cologuard կլինիկական փորձերին մասնակցել է 9 989 կամավոր, որոնց հաստ աղիքի սքրինինգ են արել նախ հին թեստի միջոցով, հետո՝ նոր, եւ վերջում՝ կոլոնոսկոպիայի օգնությամբ:
Կղանքի հետազոտության նախկին մեթոդի օգնությամբ ստուգումը հնարավորություն է տվել վաղ փուլում քաղցկեղային ուռուցքներ հայտնաբերել 48 մասնակցի դեպքում, Cologuard մեթոդը քաղցկեղ է հայնաբերել 60 մասնակցի դեպքում, իսկ կոլոնոսկոպիան ցույց է տվել, որ աղիքի քաղցկեղի չարորակ գոյացություն է ունեցել 10 000 մասնակցից 65-ը, հայտնում է Newsmax Health-ը:
Մարտի վերջին տեղի կունենա FDA-ի փորձագիտական խմբի նիստը, որի ընթացքում կքննարկվի աղիների քաղցկեղի հայտնաբերման Cologuard անունը ստացած նոր մեթոդը գրանցելու հարցը:
Cologuard մեթոդը կոլոնոսկոպիային լիովին չի փոխարինի, բայց օգտակար կլինի այն դեպքում, եթե աղիների վիզուալ հետազոտություն որեւէ պատճառով չի կարող արվել:






