Առնանդամի կորացումը կարող է ոչ թե պարզապես տեսողական անվտանգ թերություն լինել, այլ լուրջ հիվանդության՝ Պեյրոնի հիվանդության նշան: Այն տղամարդկանց, ովքեր նկատում են, որ իրենց նախկիում ավելի ուղիղ առնանդամը էրեկցիայի ժամանակ սկսում է կորանալ, Keck Medicine of USC-ի Ուրոլոգիայի ինստիտուտի կլինիկական ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Լեո Դումանյանը խորհուրդ է տալիս դիմել ուրոլոգի:

Պեյրոնի հիվանդությունը էրեկցիայի ժամանակ առնանդամի զարգացող կորացում է, որը հաճախ ցավով է ուղեկցվում, հատկապես սեռական հարաբերության ժամանակ: Կորացման աստիճանն ու ուղղությունը կարող են տատանվել, սակայն դեպքերի գերակշիռ մասում կորացումն ուղղված է կամ կողք, կամ վերեւ:

Այս կորացումը պայմանավորված է առնանդամում սպիների հյուսվածքների առաջացումով՝ այսպես կոչված Պեյրոնի վահանիկներ, որոնք շրջապատում են առնանդամի սպունգանման մարմինները: Ժամանակի ընթացքում վահանիկը կարծրանում է՝ ասես իրեն ձգելով եւ կարճացնելով սպիտակուցային թաղանթը: Համապատասխանաբար տեղի է ունենում կորացում վահանիկի ուղղությամբ: Մի քանի կարծրացումների առկայությունը հանգեցնում է առնանդամի բարդ կորացման եւ հաճախ սեռական հարաբերություն ունենալու անհնարինության:

Պեյրոնի հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են 40-ից մինչեւ 60 տարեկան տղամարդիկ: Մասնագետի խոսքով՝ Պեյրոնի հիվանդության ճշգրիտ պատճառը մինչ օրս հայտնի չէ. երբեմն վահանիկների առաջացումը կարող է տեղի ունենալ ինքնաբերաբար՝ գենետիկական գործոնների ազդեցությամբ, իսկ երբեմն էլ դրան է նպաստում առնանդամի սպիտակուցային թաղանթի միկրովնասվածքը:

Պեյրոնի հիվանդության դեպքում չբուժվելիս ժամանակի ընթացքում կորացումը սաստկանում է, սակայն հազվադեպ է լինում ինքնաբերական բարելավում (հիվանդների 3-13 տոկոսի մոտ): Մեծ մասամբ, հատկապես եթե ֆիբրոզային վահանիկը սկսել է կալցինացվել, առանց բուժման անհնար է:

Հիվանդներին սովորաբար նշանակվում է վահանիկը փափկեցնող դեղորայք, նույն նպատակով դեղորայքի ներարկում է կատարվում բարորակ գոյացության օջախի մեջ: Բարդ կորացումների դեպքում կարող է պահանջվել ֆիբրոզային վահանիկի հեռացման վիրաբուժական միջամտություն: Երբեմն խոռոչավոր մարմնի վրա առաջացած թերության տեղում պլաստիկայի անհրաժեշտություն է առաջանում: Հիվանդության բարձիթողի լինելու դեպքում էսթետիկ թերությունը բավական դժվար է ուղղել նույնիսկ վիրաբուժական ճանապարհով: