Ռուսաստանի 9 շրջաններում բնակչության ավելի քան 1 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հենվելով Ռուսաստանի վիճակագրական եւ դաշնային ՁԻԱՀ-կենտրոնի տվյալների վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Եկատերինբուրգում հայտարարել են ՄԻԱՎ համաճարակի մասին: Քաղաքի վարչակազմի առողջապահության վարչությունից հայտնել են, որ պաշտոնապես քաղաքի բոլոր բնակիչների 1,8 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով: Սակայն իրական հիվանդացածությունն ավելի բարձր է. ՄԻԱՎ-ով վարակված է Եկատերինբուրգի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը:
2015-ի վերջին Ռուսաստանում իմունային անբավարարության վիրուսով միջինում վարակված էր բնակիչների 0,6 տոկոսը, նման հաշվարկ է կատարել ՌԲԿ-ն՝ հենվելով Ռոսվիճի եւ «Ռոսպետրեբնադզորի» ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանխարգելման Դաշնային գիտամեթոդական կենտրոնի (Դաշնային ՁԻԱՀ-կենտրոն) տվյալների վրա: 26 տարածաշրջաններում բնակչության ավելի քան 0,5 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով (այդ տարածաշրջաններում բնակվում է երկրի բնակչության 41,5 տոկոսը):
Ռիսկի հատուկ գոտում են Ռուսաստանի 9 տարածաշրջաններ, որտեղ ՄԻԱՎ-ով վարակված է բնակչության առնվազն 1 տոկոսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ եթե տարածաշրջանում վիրուսը հայտնաբերվում է բնակչության ավելի քան 1 տոկոսի (հատկապես հղիների) շրջանում, դա նշանակում է, որ սկսվել է «ընդհանրացվող» համաճարակի փուլ: Այսինքն՝ հիվանդությունը դուրս է գալիս ռիսկի խմբերի սահմաններից, որտեղ երկար ժամանակ շրջանառվել է:
Խնդրահարույց տարածաշրջանների թվում են Իրկուտսկի եւ Սամարայի մարզերը՝ համապատասխանաբար 1,7 եւ 1,6 տոկոս ՄԻԱՎ վարակակիրներով: Այնուհետեւ հաջորդում են հետեւյալ մարզերը՝ Սվերդլովի (1,6 տոկոս), Կեմերովոյի (1,5 տոկոս), Օրենբուրգի (1,2 տոկոս), Լենինգրադի (1,2 տոկոս), Չելյաբինսկի (1 տոկոս), Սանկտ Պետերբուրգը (1 տոկոս), Տյումենի մարզը (1 տոկոս՝ ներառյալ ինքնավար շրջանները):
Ռուսաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն ընդհանուր առմամբ միլիոն մարդուց անցել է: Փորձագետների կարծիքով՝ եւս գրեթե 500-800 հազար ռուսաստանցիներ իրենց հիվանդության մասին չեն կասկածում, քանի որ իրենց չեն դասում ռիսկի խմբերին եւ ոչ մի անգամ չեն հետազոտվել:
«Ուրալում ՄԻԱՎ վարակակիրների թիվը ինչ-որ արտառոց բան չէ»,- պնդել է Դաշնային ՁԻԱՀ-կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին, որը Ռուսաստանում ՄԻԱՎ համաճարակի մասին 2015-ի մայիսին առաջինն է հաղորդել: Նրա կարծիքով՝ 1990-ական թվականներին «համեմատաբար բարեկեցիկ» քաղաքներ են բերվել մեծ քանակությամբ ներարկվող թմրանյութեր, ինչը թմրամոլների շրջանում հանգեցրել է ՄԻԱՎ ինֆեկցիայի բռնկման: Ավելի ուշ ինֆեկցիան տարածվել է մնացած բնակչության շրջանում, պարզաբանել է փորձագետը: Նա այդպիսի քաղաքների թվին է դասել Իրկուտսկը, Սամարան, Տոլյատին (Պոկրովսկու տվյալներով՝ այս քաղաքում վարակված է բնակչության 3 տոկոսը), Չելյաբինսկը եւ Սանկտ Պետերբուրգը:
Պոկրովսկին նշել է, որ այսօր ՄԻԱՎ-ի փոխանցման թմրանյութային տարբերակը բացառվում է: Դաշնային ՁԻԱՀ-կենտրոնի տվյալներով՝ վարակումների 48 տոկոսը բաժին է ընկնում հետերոսեքսուալ հարաբերություններին: «Դա պայմանավորված է սերիական մենամուսնությամբ: Մարդիկ նույն մարդու հետ երկար չեն ապում, զուգընկերոջը մշտապես փոխում են: Եթե այդ շղթայի մեջ է հայտնվել թեկուզ մեկ ՄԻԱՎ վարակակիր, ապա բոլորն են վարակվում»,- ենթադրում է Պոկրովսկին:
Համաճարակի դեմ պայքարի հիմնական մեթոդները. կանխարգելման արդյունավետ ծրագրեր, դպրոցներում սեքսուալ կրթության եւ թմրամոլների համար փոխարինող թերապիայի ներդրում: «Ֆրանսիայում կամ Գերմանիայում փոխարինող թերապիան օրինական է եւ վարակվածները տասնյակ անգամ պակաս են: Քանի դեռ մեզ մոտ պահպանողական մոտեցումն է առկա, որոնց կողմնակիցները սարսափելի աղմուկ են բարրձրացնում եւ կոչ են անում սեփական ճանապարհով գնալ, վարակավածների թիվը կաճի: Նախ անհրաժեշտ է համաճարակը կասեցնել եւ միայն հետո առողջ կենսակերպ քարոզել»,- եզրափակել է փորձագետը:
Կանխարգելումն առաջին հերթին պետք է իրականացնել ռիսկի խմբերում, կարծում է Ռիլկովի անվան հիմնադրամից Մալիշեւը: «Ներկայում փողոցային աշխատանք գրեթե չի կատարվում. ո՛չ ներարկիչներ են բաժանվում, ո՛չ պահպանակներ: Ռուսաստանում միայն 26 կազմակերպություն է իրական կանխարգելմամբ զբաղվում, ըստ որում՝ դրանցից մի քանիսն արտասահմանյան գործակալներ են ճանաչվել, եւ նրանց ընդհանրապես աշխատելու հնարավորություն չեն ընձեռում»,- ասել է նա:






