ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի երիկամաբանական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր երիկամաբան Աշոտ Սարգսյանի, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի լյարդային վիրաբուժության ծառայության ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ: Քննարկվել են Հայաստանում օրգանների փոխպատվաստման վերաբերյալ հարցերը:

Նախարարը ներկայացրել է առկա իրավիճակը, մասնավորապես` վերջին տարիներին ծրագրային հեմոդիալիզային ծառայության մեջ ներառված հիվանդների քանակի կայուն աճի միտումը, երիկամային փոխպատվաստումների ներկայիս բավականին քիչ քանակը (տարեկան առնվազն 7-8 դեպք) եւ նշել, որ հասունացել է ժամանակը` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայությունն ակտիվացնելու եւ հանրապետությունում առկա պահանջարկը (շուրջ 50 դեպք) հնարավորինս ծածկելու համար:

Ոլորտի պատասխանատուներն արտահայտել են իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետը, քննարկվել են նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես` դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնների  եւ փոխպատվաստումն իրականացնելու կարգի վերաբերյալ:

Լեւոն Ալթունյանը մասնագետներին հանձնարարել է բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային կարգով քննարկել կազմակերպչական հարցերը: