«Աստղիկ» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնը նոյեմբերի 5-ին հերթական սեմինար է կազմակերպել Երեւանի եւ մարզերի առաջնային օղակի թերապեւտների, ընտանեկան բժիշկների եւ սրտաբանների համար:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի մանկական սրտաբան, Ուսուցողական ծրագրերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարիամ Սապոնջյանը նշեց, որ սա Առիթմոլոգիական եւ սրտաբանական կենտրոնի համար ավանդական միջոցառում է, որը տարեկան երկու անգամ է անցկացվում՝ գարնանը եւ աշնանը:
Աշնանային սեմինարի քննարկման թեմաներն էին սրտային հանկարծամահությունը, շողացող առիթմիայի վերահսկումը, կլինիկական պրակտիկայում իմպլանտացվող սարքերի ախտորոշիչ դերը, նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջնային կանխարգելումը:
Մարիամ Սապոնջյանը պարզաբանեց, որ այսպիսի սեմինարներում «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները ներկայացնում են ոլորտի միջազգային նորությունները, փոխանցում են իրենց փորձը եւ ներկայացնում առիթմոլոգիայի եւ սրտաբանության ոլորտում բժշկական կենտրոնի հնարավորությունները: «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները պատմում են առիթմոլոգիական եւ սրտաբանական բարդ վիրահատությունների, դրանց ցուցումների եւ վիրահատություններից հետո հիվանդների վարման մեթոդների մասին:
Ընթացիկ սեմինարում երկու զեկույց, մասնավորապես, վերաբերել է սրտի բնածին արատով հիվանդների վարման յուրահատկություններին, դրանցից մեկը նվիրված էր այն տարեց մարդկանց հսկմանը, որոնք մանկական հասակում սրտի արատի հետ կապված վիրահատության են ենթարկվել:











