Տոմսկի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժներն աշխարհում առաջինն են 5-ամյա երեխայի սրտի առաջին կեսին արհեստական փական պատվաստել՝ առանց կրծքավանդակը բացելու, ինչ շնորհիվ փրկել են տղայի կյանքը: Այս մասին «ՌԻԱ Տոմսկ»-ին հայտնել է բուժհաստատության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ երեխան սրտի արատ ուներ, որն արհեստական փական տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացնում: Սակայն նախկինում պատվաստված բիոպրոթեզը շարքից դուրս էր եկել, եւ երեխայի կյանքը կախված էր նորը տեղադրելու՝ բժիշկների ունակությունից:

«Իրականում սա կարելի է փորձ անվանել: Ռուսաստանում այսպիսի էնդովասկուլյարային վիրահատություններ չեն կատարվել, աշխարհում կատարվել է նման շուրջ 30 վիրահատություն եւ միայն մեծահասակներին»,- ասել է ինստիտուտի ներկայացուցիչը:

Բժիշկները փականը սիրտ են հասցրել հատուկ սարքի միջոցով՝ պարանոցի երակով եւ այն տեղադրել աջ փորոքի ու նախասրտի միջեւ: Սրտաբանները նախկինում նույնպես օգտագործում էին այս համակարգը, բայց այլ տեսակի վիրահատությունների համար:

«Դժվար էր ասել՝ երեխան կդիմանա՞ր խոռոչային վիրահատությանը, ուստի բժիշկները որոշել են ռիսկի չդիմել: Դա նրա համար արդեն չորրորդ լուրջ միջամտությունը կլիներ, իսկ խոռոչային վիրահատությունները շատ ծանր են. դրանք կատարվում են սրտի աշխատանքը կանգնեցնելով եւ արյան արհեստական շրջանառություն միացնելով, իսկ սիրտը լինում է տառացիորեն վիրաբույժի ձեռքերի մեջ: Դա օրգանիզմի համար վիթխարի սթրես է»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ վիրահատությունը հաջող է անցել, եւ երեխան մեկ շաբաթ հետո արդեն դուրս է գրվել: Եթե փականն ավանդական եղանակով փոխեին, տղա պետք է անցներ երկարատեւ՝ մի քանի ամիս տեւող վերականգնողական փուլ: