Գիտնականները պարզել են, որ լյարդի քրոնիկական հիվանդություններով հիվանդ շատ դեռահասներ եւ երիտասարդներ տառապում են դեպրեսիայով եւ տագնապով, իսկ դա կարող է զգալի ազդեցություն ունենալ նրանց էմոցիոնալ եւ ֆիզիկական առողջության վրա: Liver Transplantation գիտական ամսագրում հրապարակված հետազոտության տվյալները վկայում են, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ երիտասարդ հիվանդների հոգեկան առողջության վրա:
Գիտնականները հետազոտություն են իրականացրել բացահայտելու համար լյարդի քրոնիկական հիվանդություններով երիտասարդների շրջանում տագնապի եւ դեպրեսիայի տարածվածությունը: Նրանք փորձել են որոշել այն գործոնները, որոնք կարող են նրանց մոտ սթրես առաջացնել, եւ թե ինչպես են դեպրեսիան եւ տագնապն ազդում իրենց հիվանդության եւ բուժման վերաբերյալ նրանց պատկերացումների վրա:
Հետազոտությանը մասնակցել է 16-ից 25 տարեկան 187 հիվանդ: Նրանք երեք խմբի են բաժանվել՝ լյարդի փոխպատվաստման ենթարկվածներ, լյարդի աուտոիմունային հիվանդություններով հիվանդներ եւ լյարդի քրոնիկական այլ հիվանդություններով հիվանդներ:
Գիտնականները պարզել են, որ մասնակիցների 17,7 տոկոսը տագնապի զգացում կամ դեպրեսիա է ունեցել: Հիվանդությունների խմբերի միջեւ որեւէ էական տարբերություն չի եղել: Հիվանդներն իրենց վիճակը հաճախ կապում են հոգնածության, քնի խանգարման, ֆինանսական, աշխատավայում/ուսումնական հաստատությունում ծագած խնդիրների, անհանգստության եւ ցածր ինքնագնահատականի հետ:
«Բժիշկները պետք է տեղեկացված լինեն լյարդի հիվանդություններով հիվանդ երիտասարդների հոգեկան առողջության հետ կապված խնդիրների տարածվածության մասին»,- ասել է Մարիաննա Սամինը:






