Առողջապահության նոր փոխնախարար Սամվել Մարգարյանը, որը լրատվամիջոցների ուշադրությունն իր վրա էր հրավիրել հեծանիվով աշխատանքի գնալով, ուրիշներին խորհուրդ չի տալիս իր օրինակին հետեւել, քանի որ Երեւանի փողոցներում դա մանեանվտանգ գործողությունը չէ:
«Ես կիսում եմ այն բոլոր մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ հեծանիվով աշխատանքի գնալը դեռեւս ժամանակավրեպ է: Մեր քաղաքում հեծանիվ վարելն ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է գնահատում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որ «մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ չենք կարող»:
«Այնպես է ստացվել, որ ես հեծանիվ լավ եմ վարում, եւ դա իմ անձնական որոշումն է: Ինձ հարցնում էին՝ կուզենայի օրինակ ծառայել: Ամենեւին: Ես նման առաքելություն չունեմ, ինքս շարունակում եմ հեծանիվով երթեւեկել, բայց չեմ պատրաստվում որեւէ մեկին խրախուսել, քանի դա ռիսկեր է պարունակում»,- ասել է Սամվել Մարգարյանը:
Փոխնախարարը հավելեց, որ սոցցանցերում իր անձի նկատմամբ ուշադրության աճի արդյունքում նույնիսկ ստիպված է եղել փակել իր էջերը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում 2017 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում ծառայողական մեքենաների հարցը դիտարկելիս որպես օրինակ նշվել էր Սամվել Մարգարյանի հեծանիվով երթեւեկելը։ Դավիթ Հարությունյանը նշել էր, որ խնայողությունը խնայողություն, բայց չինովնիկները հեծանիվով տասնյակ կիլոմետրեր չեն գնալու:
Նրա խոսքով, նախարարների տեղակալների համար նախատեսված են ծառայողական մեքենաներ։ Նույնիսկ եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա աշխատանքի գնալ հեծանիվով, բարդ է ենթադրել, որ նրանք հեծանիվով նաեւ ծառայողական ուղեւորությունների մեկնեն, նկատել է Հարությունյանը։ «Չեմ կարծում, որ մենք կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ»,- հավելել է Կառավարության աշխատակազմի ղեկավարը։






