Հայաստանում ներկայում մի շարք խնդիրներ կան բժշկական իրավունքի ոլորտում. դրանց թվում կարեւոր տեղ ունեն հոգեկան խանգարումներով մարդկանց իրավունքների պաշտպանությունը, պալիատիվ օգնությունը, ուղղիչ հաստատություններում մարդկանց բուժման կազմակերպումը, առողջապահության ոլորտի ֆինանսավորումը եւ նրա աշխատանքի թափանցիկությունը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նրա կարծիքով՝ այս բոլոր ոլորտներում անհրաժեշտ է օրենսդրությունը կատարելագործել:
Մասնագետի խոսքով՝ խնդիրներ կան նաեւ այն մարդկանց բուժօգնության ապահովման ոլորտում, որոնք մտնում են , այսպես կոչված, խոցելի խմբերի մեջ՝ սոցիալապես անպահով մարդկանց խմբերը, առանձնապես վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններով, հոգեկան խանգարումներով հիվանդները, ինչպես նաեւ երեխաները եւ տարեց մարդիկ:
Open Society Foundations-ի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն, իր հերթին, նշեց, որ հոգեկան խանգարումներով հիվանդների միայն 30 տոկոսը պետք է իսկապես բուժհաստատություններում բուժվի, մյուսների խնամքը կարելի է տանը կազմակերպել կամ ոչ հիվանդանոցային տիպի փոքր հաստատություններում: Սակայն Հայաստանում դեռեւս չկա այդպիսի բուժում ապահովելու հնարավորություն, եւ դա լուրջ խնդիր է, որը պետք է լուծել:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների իրավունքի եւ բժշկության ասպարեզների մասնագետներն այսօր Երեւանում են հավաքվել, որպեսզի քննարկեն բժշկական իրավունքի ոլորտի հրատապ խնդիրները եւ համարժեք լուծումներ գտնեն: Հայաստանում առաջին անգամ է այս թեմայով միջազգային համաժողով անցկացվում: Սուրեն Քրմոյանը նշեց, որ առողջապահության ոլորտում մարդկանց իրավունքները աշխարհի բոլոր երկրներում երբեմն խախտվում են, սակայն ամենուր այդպիսի խախտումներից պաշտպանելու տարբեր մեխանիզմներ կան, եւ դրանց արդյունավետության քննարկումը համաժողովի նպատակներից մեկն է:
Համաժողովի շրջանակներում տարբեր երկրների մասնագետները փորձի փոխանակման հնարավորություն կստանան. Ուկրաինայի, Վրաստանի, Լիտվայի, Ղազախստանի, Մակեդոնիայի եւ այլ երկրների իրավաբանները ներկայացնեն, թե հիվանդների եւ բժիշկների իրավունքների պաշտպանության վիճակն ինչպիսին է իրենց երկրներում, ինչպիսի խնդիրներ կան եւ ինչպես են դրանք լուծում:






