Առողջապահության համակարգի բարեփոխումներն ուղղված են լինելու պետբյուջեից ոլորտի ֆինանսավորման համար հատկացված միջոցներն ավելի արդյունավետ եւ հասցեական օգտագործելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի նոր տեղակալ Սամվել Մարգարյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի՝ առողջապահությունում պետպատվերի բաշխման արդյունավետությունը բարձրացնելու մասին դրույթը:
Նա նշեց, որ 2017 թվականի պետբյուջեով ոլորտին շուրջ 85 մլրդ դրամ է հատկացվելու, որից 77 մլրդ-ն ուղղվելու է պետության կողմից բուժծառայությունների գնմանը:
Ընդ որում, վճարման երկու մեխանիզմ է գործում: Պոլիկլինիկական օղակում գործում է հիմնականում պերկապիտա սկզբունքը, երբ պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար ֆիքսված գումար է վճարում՝ առաջնային բուժծառայություններ մատուցելու նպատակով: Հիվանդանոցներում կոնկրետ ծառայությունների համար պետությունը վճարում է ըստ փաստի:
Պետպատվերի բաշխման մեխանիզմը, ըստ փոխնախարարի, կվերանայվի երկու տեսանկյունից. նախ՝ կվերանայվի անձանց շրջանակը, որոնք կարող են օգտվել պետպատվերից, եւ երկրորդ՝ հիվանդությունների շրջանակը, որոնց բուժման համար պետությունն է վճարում:
Սամվել Մարգարյանը տեղեկացրեց, որ դա հետաքրքիր աշխատանք է, բայց մեծ ջանքեր է պահանջում: Առաջին վերամշակումները կատարվելու են առաջիկա երկու ամիսներին, որպեսզի 2017 թվականին զգալի արդյունքներ լինեն, սակայն ամբողջական պրոդուկտը պատրաստ կլինի 2018 թվականին: Նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը գործելու է քայլ առ քայլ, եւ յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնելու է հանրությանը:
Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին այն մասին, որ պետպատվերի շրջանակում ծառայությունների մատուցման կանոնները երկակի ընկալման հնարավորություն են տալիս, Սամվել Մարգարյանը նշեց, որ այդ առումով ամեն ինչ պետք է այնքան պարզեցնել, որպեսզի ցանկացած քաղաքացի, չլինելով իրավական կամ ֆինանսական ոլորտի մասնագետ, կարողանա հասկանալ, թե ով եւ ինչ դեպքերում կարող է օգտվել պետպատվերից:






