Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն այլընտրանք չունեցող քայլ է, եթե երկիրը ցանկանում է կայացած առողջապահություն ունենալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտի բարեփոխումները:

Նա նշեց, որ էլեկտրոնային առողջապահությունը կմեծացնի համակարգի թափանցիկությունը, սա լուրջ վերահսկողություն է եւ բուժհաստատություն-պետություն, բուժհաստատություն- ապահովագրական ընկերություն կապի արդյունավետությունը մի քանի անգամ բարձրացնելու հնարավորություն է ընձեռում:

Փոխնախարարի խոսքով՝ e-health-ի մշակումը սկսվել է դեռեւս մի քանի տարի առաջ՝ Համաշխարհային բանկի օժանդակությամբ եւ ապահավոագրական ու ՏՏ ընկերությունների մասնակցությամբ: Այս ծրագիրը հնարավորություն կտա ամբողջ առողջապահությունը միավորելու էլեկտրոնային մեկ հարթակում: Վերջնարդյունքում՝ հիվանդի համար սա կնշանակի իր էլեկտրոնային բժշկական պատմությունն ունենալ, եւ իր մոտ բժշկական փաստաթղթերի փաթեթ ունենալու ոչ մի կարիք չի առաջանա: Սա բժշկի համար եւս մեծ օգնություն կլինի, որը կկարողանա ծանոթանալ իրեն դիմած հիվանդի բոլոր հիվանդություններին եւ հետազոտություններին:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա կարեւոր արդյունք ունի անհետաձգելի դեպքերում, երբ մարդուն անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխում: Այսինքն՝ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք բժիշկը պետք է տար հիվանդին՝ քրոնիկական հիվանդությունների, դեղերի հանդեպ ալերգիայի մասին եւ այլն, նա կարող է ստանալ e-health-ի օգնությամբ»,- ասաց նա:

Սամվել Մարգարյանը նշեց, որ ծրագիրն արդեն պիլոտային փուլն անցել է՝ մի շարք հաստատություններում թեստավորում անցնելով, եւ այժմ ընթանում է այն պրակտիկայում ներդնելու աշխատանքը: Ծրագիրը կսկսի գործել պետպատվերից, իսկ հետագայում կտարածվի ամբողջ բժշկության վրա: «Ոչ մեկն այս համակարգի դեմ հակափաստակ չունի, սա բոլոր կողմերի համար դրական քայլ է»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգը պետությանը հնարավորություն կտա կանխատեսել իր ծախսերը, մասնավորապես՝ որեւէ համաճարակի դեպքում հնարավոր կլինի իրավիճակի ֆինանսական գնահատականը օնլայն կատարել: