Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարեւորելու նպատակով:
Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի խորհրդանիշը երեք զույգ գուլպաներն են` շերտավոր, գույնզգույն, որոնք նման են քրոմոսոմների: Նրանք, ովքեր ուզում եմ իրազեկման միջոցառումներ կազմակերպել, կարող են հագնել երեք զույգ գուլպա եւ բացատրել ինչու են դա անում: Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի նկատմամբ եւ բարելավել այն ունեցող երեխաների կյանքի որակը:
21 թիվը պատահական չի ընտրվել. 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:
Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին սովորելու ունակ են, եւ շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ եւ զուգընկերներ, վարել լիարժեք եւ անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները ծնողների հոգատարության եւ աջակցության, բժշկական օգնության եւ խորհրդատվության, ինչպես նաեւ հասարակության աջակցության շնորհիվ նաեւ կարող են լուրջ ձեռքբերումների հասնել:
Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոններում, նաեւ մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաեւ ներառական մանկապարտեզներում եւ դպրոցներում:
Մեր հասարակության մեջ դեռեւս պահպանվում է այս հիվանդության խարանը եւ նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Սակայն ճիշտ եւ ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը եւ շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:
Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:






