Առողջապահության նոր փոխնախարար Սամվել Մարգարյանը ոլորտում ապօրինի վճարումների խնդրի լուծումը տեսնում է բժշկի աշխատանքի վճարման այն հոգեբանական շեմի որոշման մեջ, որի դեպքում նա այլեւս չի դիմի լրացուցիչ ապօրինի եկամուտներ ստանալուն:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ Հայաստանում դեռեւս գործում է բժշկի կամ բուժքրոջ գրպանը փող դնելու պրակտիկան, ինչպե՞ս դրա դեմ պայքարել, Սամվել Մարգարյանը հայտարարեց, որ հարկավոր է ֆիքսել բժշկի նվազագույն աշխատավարձը:
«Եթե բժիշկը պայմանագրով 60-70 հազար է ստանում, բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ նա այդ փողով չի կարող ապրել: Այս հարցում համակարգային մոտեցումն այն է, որ բժիշկների աշխատավարձերը պետք է վերանայել: Եթե նրանք անուղղակի ճանապարհներով 400-500 հազար դրամ են վաստակում, ապա դա պետք է պարզապես նրանց աշխատավարձը լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, ապա առավել խնամքով է վերաբերվում իր աշխատատեղին եւ ավելի շատ է վախենում այն կորցնելուց:
«Եթե մարդն արժանապատիվ աշխատավարձ է ստանում, ապա ոչ մեկին հաճելի չէ, երբ իր գրպանը փող են դնում»,- ասաց Սամվել Մարգարյանը:
Նա հավելեց, որ Առողջապահության նախարարությունն առայժմ քննարկում է այս հարցը, եւ դեռեւս հստակ մեխանիզմներ չեն գործարկվել:






