Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի համատեղ իրականացվող ծրագրերից մեկի շրջանակում Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու եւ Շիրակի մարզի հիվանդներին։ Ծրագրի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի երկարամյա համագործակցությունը` ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ առանձին բժշկական կազմակերպությունների միջև։
Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերից դեսպանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ռուսական ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում` շարժական բժշկական-ախտորոշիչ երկու կենտրոնի նվիրաբերումը: Սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակչության և առաջին հերթին աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման բարելավման ոլորտում:
Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության հետ առողջապահության ոլորտում համագործակցության արդյունքները` Լևոն Ալթունյանն առաջարկել է երկու երկրի միջև զարգացնել հեռաբժշկությունը` մշտական մասնագիտական կապ ապահովելով թե՛ հիվանդանոցների, թե՛ նեղ մասնագետների միջև։ Նախարարը կարևորել է հատկապես Հայաստանի ծննդատների հեռակապը Ռուսաստանի Դաշնության առաջատար ծննդատների հետ։
Նախարարը եւ դեսպանը նշել են, որ բոլոր հիմքերը կան առողջապահության ոլորտում երկու երկրի հարաբերությունները զարգացնելու համար։






