Առաջին եւ երկրորդ տիպի դիաբետի բուժումը պետք է միանման լինի ամբողջ աշխարհում եւ համապատասխանի միասնական չափանիշներին: Բոլոր երկրներում պետք է միանման մոտեցումներ լինեն այդ հիվանդության ախտորոշման եւ բուժման համար: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընտանեկան բժիշկ Հենրիխ Շահնազարյանը (Շվեդիա):
Նրա խոսքով՝ երկրների մեծ մասում կան տարբերություններ, որոնց հիմքում տնտեսական խնդիրներն են: Օրինակ՝ որոշ երկրներում պետությունը կարող է էժան ինսուլին գնել, իսկ շատ դեղամիջոցներ 2-րդ տիպի դիաբետի բուժման համար կարող են գրանցված չլինել: Վերջին խնդիրը վերաբերում է Հայաստանին: Մասնագետը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում օգտագործվող ոչ բոլոր հակադիաբետային դեղամիջոցներն են գրանցված եւ հասանելի Հայաստանում: Դրա արդյունքում հիվանդների հետ աշխատող բժիշկը ստիպված է ընտրել հասանելի ինչ-որ դեղամիջոց, թեպետ աշխարհում կան նաեւ ոչ պակաս արդյունավետ ուրիշ դեղեր, որոնք շատ հիվանդների դեպքում հիպոգլիկեմիա եւ այլ վտանգավոր կողմնակի հետեւանքներ չեն առաջացնում:
«Կցանկանայինք, որ դիաբետի բուժումը միանման լիներ բոլոր երկրներում եւ երկրի ներսում բոլոր կլինիկաներում: Գյուղական հիվանդանոցներում բուժումը իր հերթին չպետք է տարբերվի քաղաքի հիվանդանոցների բուժումից»,- նշեց մասնագետը:
Հենրիխ Շահնազարյանը հիշեցրեց, որ դիաբետը լրջագույն խնդիր է ինչպես Հայաստանի առողջապահության համակարգում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ժամանակակից մարդիկ պակաս շարժունակ կյանք են վարում, սպորտով չեն զբաղվում, սխալ են սնվում, նրանց սննդակարգում շատ շաքար կա, դրա արդյունքում շատերի մոտ ավելորդ քաշ եւ ինսուլինի նկատմամբ կայունություն է առաջանում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել լիարժեք դիաբետի առաջացման:
Քանի որ դիաբետն ավելի հեշտ է կանխել, քան բուժել, մասնագետները խորհուրդ են տալիս մտածել կենսակերպի մասին՝ նախքան հիվանդության ի հայտ գալը: Մասնավորապես, խորհուրդ է տրվում ավելի շատ քայլել, սպորտով զբաղվել, սահմանափակել շաքարի եւ պարզ ածխաջրերի քանակը, իսկ դրանց փոխարեն նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին, սպիտակ մսին, ընկույզին եւ հատիկավոր մթերքներին:






