Աշխարհում տարածվում է դեղերի հանդեպ կայուն Candida auris սունկը, որի դեմ պայքարի միջոցները գիտնականները դեռ չեն գտել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում սունկն ԱՄՆ-ում 4 մարդու մահվան պատճառն է դարձել:

Վերջին շրջանում գիտնականներն ավելի հաճախ են խոսում «սուպերբակտերիայի»՝ աղիքային ցուպիկի շտամի մասին, որը, պարզվել է, կայուն է հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ: Այսպիսի բակտերիաներ են հայտնաբերվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրոպայի եւ Ասիայի երկրներում: Նման բակտերիաները շատ վտանգավոր են, քանի որ դեղորայքի մեծամասնությունը դրանց դեմ անզոր է:

Իսկ այժմ հայտնի է դարձել, որ հիվանդների համար վտանգ է ներկայացնում նաեւ սնկային ինֆեկցիան, որը սուպեբակտերիայի նման դեղերի հանդեպ կայուն է: Ներկայումս հայտնի է սնկով վարակվելու 7 դեպք: Սուպերկայուն Candida auris-ի հարուցած կանդիդոզով վարակված 4 հիվանդներ արդեն մահացել են, բժիշկները, սակայն, դեռեւս պատրաստ չեն պնդելու, որ նրանց մահվան պատճառը հատկապես սունկն է: Երեքի մոտ հարուցիչը հայտնաբերվել է մեզի, արյան եւ ականջների մեջ:

Candida auris դիմադրունակ սնկի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2009 թվականին, երբ բուժման հանդեպ կայուն կանդիդոզով հիվանդացել էր Ճապոնիայի մի բնակիչ: Այդ ժամանակից ի վեր հիվանդությունը հայտնաբերվել է աշխարհի շատ երկրներում: Հարուցիչի ԴՆԹ-ի անալիզով պարզվել է, որ Candida auris-ի շտամները նման են եղել մեկ տարածաշրջանի սահմաներում, սակայն էականորեն տարբերվել են տարբեր երկրներում: Գիտնականների ենթադրությամբ՝ շտամը միաժամանակ իրարից անկախ առաջացել է տարբեր տարածաշրջաններում: Հայտնի է, որ այս սնկով վարակված հիվանդների 60 տոկոսը մահացել է:

ԱՄՆ-ում հիվանդացած բոլոր մարդիկ ավելի ծանր հիվանդություններով են տառապել, օրինակ՝ քաղցկեղով: Նրանք մեծ քանակով դեղամիջոցներ են ընդունել, որն էլ ավելի շուտ հանգեցրել է նրանց իմունիտետի թուլացմանը: Առայժմ բժիշկներին չի հաջողվել պարզել, թե հիվանդները սնկային ինֆեկցիան որտեղ են հատկապես ձեռք բերել: