Ավստրալացի մասնագետներն աշխատում են նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի խուսափել վաղաժամ ծնունդներից: Մկների վրա կատարված հետազոտությունների ընթացքում դեղամիջոցը բարձր արդյունավետություն է ցուցադրել: Դեղամիջոցի ներգործուն նյութը նալոքսոնն է. ափիոնային ոչ թմրանյութային ցավազրկող, որն ընդունակ է հակազդելու մյուս ափիոնիդներին: Նալոքսոնը կարելի է ընդունել նաեւ հղիության ընթացքում:
Մկների վրա կատարված փորձերի շարքը ցույց է տվել, որ մասնագետների կողմից (+)-նալոքսոն կոչվող դեղամիջոցը բակտերիալ ինֆեկցիայով վարակված մկների մոտ էականորեն նվազեցրել է վաղաժամ ծնունդի հավանականությունը: Դրանից զատ, դեղամիջոցն օգտակար է եղել նաւ մկնիկների համար, որոնց մայրերը հղիության ուշ շրջանում վարակվել են աղիքային ցուպիկով. համանման դեպքերում նորածինները սովորաբար անբավարար քաշ են ունենում, սակայն այս դեպքում այդպիսի բան տեղի չի ունեցել:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Սառա Ռոբերթսոնը հայտարարել է, որ (+)-նալոքսոնի կիրառմամբ բուժման շնորհիվ հետազոտվող մկների շրջանում բակտերիալ ինֆեկցիաներով հրահրված վաղաժամ ծնունդներ չեն եղել: Չեն եղել նաեւ մեռելածին կամ ծնվելուց կարճ ժամանակ անց մկնիկների մահվան դեպքեր, իսկ այն առանձնյակները, որոնք կարող էին չափազանց փոքր չափերով լույս աշխարհ գալ, (+)-նալոկսոնի շնրհիվ նորմալ են ծնվել:
Բորբոքումը հաճախ ծնունդի գործընթացի վաղաժամ սկսվելու կատալիզատոր է: Օրգանիզմում բորբոքման մակարդակի բարձրացման կարող են հանգեցնել ախտածին բակտերիաները, սթրեսը կամ ընկերքին հասցված որեւէ վնասվածքը: Այդ ընթացքում TLR4 ռեցեպտորն է սկսում աշխատել, որն էլ գործարկում է այն պրոցեսը, որը նորմալ պայմաններում շատ ավելի ուշ էր սկսվելու: Ադելաիդայի համալսարանի գիտնականների մշակած դեղամիջոցը կասեցնում է այդ պրոցեսի գործողությունը եւ, ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, թույլ չի տալիս, որ ծնունդը ժամկետից վաղ սկսվի:






