Վատ հիշողությունները հետք են թողնում մեր ենթագիտակցության վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե ակտիվորեն փորձել մոռանալ անցանկալի հիշողությունները, հնարավոր է անգիտակցաբար ջնջել դրանք, փոխանցում է Fox News-ը:

Հետազոտողները մարդկանց երկու պատկեր են ցույց տվել եւ ժամանակ առ ժամանակ մասնակիցներին խնդրել են փորձել մոռանալ առաջին պատկերը: Հետազոտողները ցանկացել են պարզել՝ արդյոք կարող է այդպիսի դիտավորյալ մոռացությունն ազդել նրա վրա, թե որոշ ժամանակ անց մասնակիցները որքան արագ են ճանաչել տվյալ՝ այդ անգամ «վիզուալ աղմուկի» տակ գրեթե աննկատ ծածկված կամ օբյեկտի կոդավորված պատկերը:

Սովորաբար մարդիկ պատկերը, օրինակ՝ սուրճի բաժակы, տեսնելով՝  ավելի հեշտությամբ են մտապահել նույն բաժակի մեկ այլ պատկեր, նույնիսկ եթե այն ծածկված է վիզուալ աղմուկով: Սա տեղի է ունենում, որովհետեւ ուղեղը փորձում է վերստեղծել  առաջին անգամ տեսած սուրճի բաժակը:

Այնուամենայնիվ, հետազոտության ընթացքում պարզվել է, որ վիզուալ աղմուկի դեպքում մասնակիցների համար ավելի դժվար է եղել օբյեկտը տարբերակել:

Ավելին՝ օբյեկտը մոռանալու մասնակիցների ակտիվ ջանքերը եւս երկրորդ անգամ փոխել են այդ պատկերի մասին ուղեղի անգիտակցական պատկերացումը՝ ըստ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտության:

«Երբ մարդը փորձում է որեւէ բան մոռանալ, նա փաստացի անջատում է այն կետերը, որոնք սովորաբար ճանաչում են այդ օբյեկտը, եւ այն այլեւս չի վերադառնում գիտակցություն»,- ասում է հետազոտող, Անգլիայում Քեմբրիջի համալսարանի նյարդակենսաբան Մայքլ Անդերսոնը: «Կողմնակի ազդեցությունն այն է լինում, որ եթե նույնիսկ ուղեղում մնում են սուրճի բաժակի հետքերը, դրանք շատ թույլ են, իսկ վիզուալ աղմուկի ֆոնին այն որոշելն ավելի դժվար է լինում»:

Գիտնականները ենթադրում են, որ օբյեկտի ճանաչողությունը պահվում է տեսողական կեղեւում՝ ուղեղի այն հատվածում, որն իրականում «տեսնում է», ասում է Անդերսոնը:

Հետազոտության շրջանակներում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով հետազոտել են մասնակիցների ուղեղի գործունեությունը, երբ նրանք հետեւել են պատկերներին: Պարզվել է, որ եթե մասնակիցը փորձել է որեւէ բան մոռանալ, երկրոդ անգամ այդ օբյեկտն ավելի վատ է ճանաչել: Ավելին՝ մարդը նայել է նրան, ինչ փորձել է մոռանալ, նրա տեսողական հատվածն այլ կերպ է գործել. դրա ակտիվությունն ավելի պակաս է եղել, երբ աչքերի առաջ նորից երեւացել է հիշողությունից հանված օբյեկտը: Այսինքն՝ ներքին տեսողությունն ազդել է այսպես ասած՝ արտաքին տեսողության աշխատանքի վրա, ուղեղն ավելի վատ է ընկալել այն, ինչ տեսել են աչքերը:

Սա խոսում է այն մասին, որ մարդիկ կարող են գիտակցաբար սահմանափակել այդ հիշողությունների վիզուալ ընկալման վերաակտիվացումը, եւ դրանք չթողնել իրենց գիտակցություն, ասում են հետազոտողները:

Չնայած այս հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են մաքրել իրենց հիշողությունը՝ հոգեկան ուժեղ վերքերը բուժել այնքան հեշտ չէ, որքան սուրճի բաժակի պատկերը, ասում են հետազոտողները: