ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղավ ՀՀ ԱՆ ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում։ Ծանոթացավ շենքի վերանորոգման ընթացքին, լաբորատորիաների տեղակայման սկզբունքներին, առանձին բաժինների գործառույթներին, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
«Իրավիճակի թելադրանքով ամբողջ աշխարհում կարեւորվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը։ Դուք լավ գիտեք, որ մահացության հիմնական պատճառներն այսօր առաջին հերթին սրտանոթային հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքները եւ այն։ Այս հանգամանքից ելնելով փոխել ենք ձեր ծառայության գաղափարախոսությունը։ Այդ հիվանդությունների վերահսկման, կանխարգելման եւ կառավարման գործում դուք լուրջ անելիքներ ունեք»,-համաճարակաբանների հետ զրույցի ընթացքում ասաց նախարարը` համառոտ ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող սկրինինգ ծրագրերը։ Նա բոլորին հորդորեց աշխատել բարձր պատասխանատվությամբ եւ բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված կարեւոր առաքելությունը։ Միաժամանակ տնօրենին հանձնարարեց մեծացնել վճարովի ծառայությունների ծավալները եւ հասնել նրան, որ հուլիսի 1-ից աշխատակիցների աշխատավարձերն էականորեն բարձրանան։
Դերենիկ Դումանյանը եղավ նաեւ նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնում։ Տնօրենին հանձնարարեց կարճ ժամանակում համալրել թափուր պաշտոնները, իսկ աշխատակիցներից պահանջեց առավել ակտիվորեն խորանալ իրենց գործառույթների մեջ։






