Տավուշի մարզում եւ ունեւորների, եւ չունեւորների երեխաները հիմնականում բուժվում են Երեւանում։ Այս մասին նոյեմբերի 11-ին Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ խոստովանել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեւոն Վանցյանը։
«Մարզում մնում է այն երեխան, որի վիճակը թույլ չի տալիս տեղափոխել Երեւան»,- ասել է Լեւոն Վանցյանը։
Ըստ ոլորտի պատասխանատուի՝ մարզում գործում է 29 հիվանդանոց, որից 3-ը մասնավոր են, սակայն այնպես չէ, որ դրանք կատարյալ որակ են ապահովում։
«Ամբողջ մարզի համար թիվ մեկ խնդիրը, սակայն, մնում է կադրերի պակասը, ունենք ընդամենը 257 բժիշկ, որոնք անհամաչափ են բաշխված։ Շատ մեծ պրոբլեմ կա Բերդի տարածաշրջանում։ Այստեղ կա վերանորոգված հիվանդանոց, տարիներ շարունակ հոսպիտալի բժիշկներն էին աշխատում, սակայն Վիգեն Սարգսյանի նշանակվելուց հետո էլ իրավիճակ է փոխվել ու հիմա նորից խնդիր ունենք»,- նշել է նա։
Վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը եւ մարզն ապահովել համապատասխան մասնագետներով։ Այնուհետեւ վարչապետը հետաքրքրվել է պետպատվերներով։
«Պետական միջոցների բաշխումն արդարացի՞ է»,- հարցրել է Կարեն Կարապետյանը առողջապահության ոլորտի պատասխանատուին, ինչին ստացել է բացասական պատասխան։
«Կարող եք չշարունակել, դրա դիմաց ինտենսիվ պայքարում ենք, որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրություն անելու հնարավորություն ունենամ։ Երեւանում «Շտապօգնության» մեքենան հիվանդին տեղափոխում է մի հիվանդանոց, ասում ա՝ փող տամ, ուրիշ հիվանդանոց տար, ասում ա՝ չէ, չեմ կարա, ինձ գործից կհանեն։ Մենք բերում ենք նրան, որ բժշկության ոլորտը չի զարգանում։ Ատամնաբուժությունն ա, որ պետպատվերի մասով քիչ ա միջամտել ու դաշտում մրցակցություն կա։ Կարդիոլոգիայի մեջ պետպատվերը հենց մտցրել ենք, վիճակն այնտեղ վատանալու ա»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետը նաեւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին է հանձնարարել համապատասխան առաջարկները ներկայացնել նախարարությանը։






