Զիկա վիրուսով վարակվելու հետեւանքներից մարդու մահվան առաջին դեպքն է գրանցվել Արգենտինայում: Այս մասին հայտնել է Nacion-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Տուկուման նահանգում մահացել է փոքրագլխությամբ ծնված երեխան, որի մայրը վարակվել էր Զիկա վիրուսով:

«Զիկա վիրուսի վերաբերյալ անալիզը եւս դրական է եղել: Ծնվելուց 10 օր հետո երեխան մահացել է իր կառուցվածքի՝ անհասության եւ փոքր քաշի հետեւանքով առաջացած բարդություններից»,- ասել են նահանգի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Արգենտինայի առողջապահության նախարարությունում պարբերականի աղբյուրները նշել են, որ մոր հիվանդության մասին մինչ ծնունդն էր հայտնի, եւ նա գտնվում էր մասնագետների հսկողության ներքո: Պտղի զարգացման շեղումները գրանցվել են  հոկտեմբերի սկզբին՝ հղիության 27-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո, փոքրագլխությունից բացի, երեխայի մոտ ախտորոշվել են մյուս օրգանների խնդիրներ եւս:

Նահանգում ընդհանուր առմամբ գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք: Դրանց մեծ մասը գրանցվել են ապրիլից մայիս ժամանակահատվածում: