Նոյեմբերի 14-ին աշխարհի շատ երկրներում նշում են Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day): Օրը սահմանվել է 1991 թվականին, Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի (International Diabetes Federation, IDF) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից՝ ի պատասխան ամբողջ աշխարհում շաքարախտի աճի սպառնալիքին: Նոյեմբերի 14-ն է ընտրվել, քանի որ այդ օրն է ծնվել կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը, որը մեծ ավանդ ունի շաքարախտի դեմ պայքարում:

Դարեր շարունակ մարդիկ չգիտեին՝ ինչպես պայքարել շաքարախտի դեմ, իսկ նման ախտորոշումը հիվանդների համար դատավճիռ էր դառնում: 1922 թվականի հունվարին պատմության մեջ առաջին անգամ Բանտինգը ինսուլին ներարկեց 14-ամյա տղային, որը տառապում էր շաքարախտի ծանր յուվենիլային ձեւով: Այնուհետեւ ինսուիլինի արտոնագիր ստանալու եւ հարստանալու փոխարեն, Բանտինգը բոլոր իրավունքները փոխանցեց Տորոնտոյի համալսարանին, եւ արդեն 1922 թվականի վերջին նոր դեղամիջոցը հայտնվեց դեղորայքի շուկայում: Ֆրեդերիկ Բանտինգի եւ նրա գործընկեր Չարլզ Բեսթի բացահայտումը միլիոնավոր մարդկանց կյանքը փրկեց:

1923 թվականին այն ճանաչվեց կենսաքիմիայի եւ բժշկության բնագավառում 20-րդ դարի առաջին խոշոր ձեռքբերումը, եւ Բանտինգն ու նրա գործընկեր Մաքլեոդը Նոբելյան մրցանակի արժանացան: Ըստ որում՝ Բեսթի ներդրումը, չգիտես ինչու, անտեսվեց: Դա Բանտինգին վիրավորեց, եւ նա իր Նոբելյան մրցանակի կեսը կամավոր Բեսթին հանձնեց:

Շաքարախտը աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է, եւ տարեցտարի հիվանդացածությունն աճում է. ԱՀԿ տվյալներով՝ դեռեւս 1980 թվականին 2-րդ տեսակի շաքարախտով 108 մլն հիվանդ կար, 2009 թվականին՝ 225 մլն, իսկ 2014-ին՝ արդեն 442 մլն: Այսինքն՝ շաքարախտով հիվանդների թիվը 34 տարվա ընթացքում 4 անգամ աճել է:

Ինչ վերաբերում է Հայաստանում այս հիվանդության տարածվածությանը,ապա Առողջապահության նախարարության 2015 թվականի վերջի տվյալներով՝ Հայաստանում գրանցված էր 77,087 շաքարախտով հիվանդ: 2015 թվականին գրանցվել է շաքարախտի 8709 նոր դեպք եւ հիվանդության հետեւանքով 801 մահվան դեպք:

Հարկ է, սակայն, նշել, որ շաքարախտով հիվանդներից շատերը դեռեւս չգիտեն, որ հիվանդ են: