Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը կրկնապատկում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Նրանք համապատասխան զեկույցը ներկայացրել են Նոր Օռլեանում տեղի ունեցած Սրտի ամերիկյան ասոցիացիայի  գիտական նստաշրջանների ընթացքում:

Մասնագետները հետազոտել են կարդիոմիոպաթիայով տառապող մարդկանց. հիվանդության ընթացքում փոփոխվում է սրտամկանի կառուցվածքն ու գործառնությունը: Սա, իր հերթին, հանգեցնում է ծանր բարդությունների կամ հանկարծամահության:

Գիտնականներն իրենց եզրակացությունը հաստատելու համար օգտվել են 2003-2011 թվականների ընթացքում կարդիոմիոպաթիայով հոսպիտալացված 33.343 հիվանդների տվյալներից: Նրանց անալիզներն ուսումնասիրելով՝ հետազոտողները պարզել են, որ նրանցից 210 մարդ մարիխուանա է օգտագործել: Ըստ որում՝ տվյալ մարդիկ ավելի երիտասարդ էին եւ չունեին այնպիսի բացասական ցուցանիշներ, ինչպիսին շաքարախտի, արյան բարձր ճնշման կամ խոլեստերինի բարձր մակարդակի առկայությունն է:

Գիտնականները պնդում են, որ մարիխուանայի օգտագործումն ավելի խորքային բացասական հետեւանքներ ունի, որոնք դեռեւս չի հաջողվել հայտնաբերել: