Հակաբիոտիկների հայտնագործումից առաջ ինֆեկցիոն հիվանդությունները հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր էին խլում: Եթե այսօր շարունակենք հակաբիոտիկների սխալ օգտագործել եւ ոչինչ չձեռնարկենք դրանց հանդեպ կայունության դեմ պայքարում, կարող ենք դարձյալ հայտնվել առանց հակաբիոտիկների աշխարհում, եւ «ամենասովորական» ինֆեկցիոն հիվանդությունները վերստին կսկսեն սպանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով բակտերիաներն այդ դեղամիջոցների հանդեպ կայունություն են ձեռք բերում, եւ այդ բակտերիաների հարուցած ինֆեկցիաների բուժումն անչափ դժվար եւ թանկարժեք է դառնում: Կայուն ինֆեկցիաներն առավել երկարատեւ բուժում են պահանջում՝ առավել թանկարժեք դեղամիջոցների օգտագործմամբ, այդպիսի ինֆեկցիաները հաճախ նաեւ ուղեկցվում են ծանր բարդություններով, որոնց բուժումը եւս դժվար է եւ թանկարժեք:

Արդեն այսօր գրեթե 700.000 մարդ ամեն տարի մահանում է այն ինֆեկցիաների հետեւանքով, որոնք հարուցել են հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների շտամները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը նշեց, որ եթե ոչ մի բան չձեռնարլենք, կայուն ինֆեկցիաների զոհերի թիվը կաճի մինչեւ տասնյակ միլիոնավոր մարդ, իսկ մեր աշխարհն անցյալ կվերադառնա, ինչպիսին եղել է մինչեւ անցյալ դարի 40-ական թվականները, մինչեւ հակաբիոտիկների հայտնագործումը:

ԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը նաեւ նշեց, թե շատերը կարծում են, որ հակաբիոտիկային կայունության խնդիրն իրենց չի վերաբերում՝ բուժման հանդեպ կայուն ինֆեկցիաները մեզանից հեռու են եւ չեն կարող մեզ առնչվել: Մինչդեռ խնդիրն այն է, որ այսօր հակաբիոտիկերն օգտագործվում են նաեւ մի շարք այլ հիվադությունները բուժելիս, օրինակ՝ ուռուցքային, նաեւ վիրահատությունների ժամանակ, այդ թվում՝ օրգանների փոխպատվաստման: Եթե աշխարհը հակաբիոտիկները կորցնի, եթե այդ դեղամիջոցներն իրենց արդյունավետությունից զրկվեն, պարզապես անհնարին կլինի վիրահատությունների կատարումը, անգամ քիմիաթերապիան:

Այս ամենը տեղի չունենալու համար անհրաժեշտ է հակաբիոտիկներին խնամքով եւ զգույշ վերաբերվել. դրանք պետք է խելացի օգտագործել, միայն բժշկի նշանակմամբ, եթե դրա համար լուրջ ցուցումներ կան, եւ եթե լիակատար համոզվածություն է առկա, որ հիվանդը հենց բակտերիալ ինֆեկցիայով է ախտահարված: Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսությանը՝ չի կարելի կենդանիներին հակաբիոտիկներ տալ մկանային աճի խթանման համար, այս դեղամիջոցների այդպիսի սխալ կիրառումը եւս նպաստում է հակաբիոտիկային կայունության տարածմանը:

Հակաբիոտիկների հանդեպ կայունության գլոբալ խնդրի հանդեպ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու համար ԱՀԿ նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ից մինչեւ 22-ն անցկացվում է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթ: Շաբաթվա գլխավոր նպատակներից մեկն այս բնագավառում առաջատար պրակտիկայի մասին տեղեկատվությունը բնակչության լայն շերտերին, առողջապահության աշխատողներին եւ քաղաքականության մշակման համար պատասխանատու անձանց հասանելի դարձնելն է՝ հակաբիոտիկների հանդեպ հետագա կայունության տարածումը կանխելու համար:

Արշավի կարգախոսը՝ «Հակաբիոտիկներ. զգո՛ւյշ օգտագործեք», արտացոլում է այն հիմնական միտքը, որ հակաբիոտիկներն արժեքավոր պաշար են, եւ դրանք պետք է պահպանել: