Հայաստանում 1-ին տիպի դիաբետով ապրող մինչեւ 18 տարեկան 497 երեխա կա։ 2007 թվականից ի վեր այդ տիպի շաքարախտով հիվանդացության դեպքերն աճել են 40.7 տոկոսով։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։

Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանում գրանցվում է երեխաների շրջանում 60-75 հիվանդացության նոր դեպք։ Դա Հայաստանի համար մեծ թիվ է։ Ավելին, ավելի հաճախ են սկսում այդ հիվանդությունն ախտորոշել մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում։

«Վերահսկիր շաքարախտը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում 1-ին տիպի շաքարախտով տառապող 18-22 տարեկան երեխաները ինսուլին ներարկող գրիչներ կստանան, որոնք սովորական ներարկիչների համեմատ առավելություններ կունենան։ Դրանք ավելի հարմար են կիրառության համար եւ անգամ փոքրիկ երեխաները կարող են սովորել ինքնուրույն օգտվել դրանցից եւ ինսուլին ներարկել։ Գրիչ-ներարկիչներն օգնում են կրճատել ինսուլինի կորուստը։ Ավելին, ներարկումները հնարավոր է անել տանը, ինչը շաքարախտ ունեցող երեխաների գրաֆիկն ավելի ճկուն եւ հարմար է դարձնում։

Ինչ վերաբերում է ավելի ժամանակակից ինսուլինային պոմպերին, որոնք հիվանդներին ազատում են օրական մի քանի ներարկում անելու անհրաժեշտությունից, ապա դրանցից Հայաստանում դեռեւս օգտվում է 3 երեխա, իսկ բոլոր երեխաներին նման պոմպեր ապահովող ծրագրեր դեռեւս չկան։