Ռուսաստանում նոյեմբերի 17-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարության հրամանը, որի համաձայն՝ նման անվանում, բայց տարբեր բաղադրություն եւ ներգործություն ունեցող դեղերի գրանցումն արգելվում է: Այս կանոնը կտարածվի ինչպես նոր դեղամիջոցների, այնպես էլ շուկայում արդեն առկա դեղամիջոցների վրա, որոնք կրկնակի գրանցման կարիք ունեն: Փորձագետների խոսքով՝ այժմ նման անվանումներով դեղամիջոցներն այնքան շատ են, որ դրանք շփոթում են նույնիսկ բժիշկներն ու դեղագործները: Դա հանգեցնում է բժշկական սխալների, երբեմն՝ մահացու ելքով:

Գլխավոր նպատակը անվանման նմանության պատճառով շփոթմունք թույլ չտալն է: Օրինակ՝ դեղատներում վաճառվում է երեխաների համար նախատեսված «Պիկովիտ» վիտամին եւ հարբուխի «Պինովիտ» կաթիլներ, մանկական ջերմ իջեցնող «Իբուֆեն» եւ կանանց դաշտանի առատության դեմ «Աբյուֆեն» դեղերը:

Հրամանի ուժի մեջ մտնելուց հետո այն կտարածվի դեղամիջոցների այն անվանումների վրա, որոնք պետական գրանցում են ստանալու Առողջապահության նախարարությունում: Այսինքն՝ դեղամիջոցի առաջնային կամ կրկնակի (5 տարի հետո) գրանցման ժամանակ: Եթե կրկնակի գրանցման ժամանակ ընկերությունը ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ հաստատի դեղերի անվտանգությունն ու արդյունավետությունը, ապա կստանա անժամկետ գրանցման վկայական:

Առողջապահության նախարարության «Դեղամիջոցների փոձաքննության գիտական կենտրոն»-ի գիտքարտուղար, «Վաճառվող դեղամիջոցների անվանումները» գրքի հեղինակ Ալեքսանդր Յավորսկին «Իզվեսիա»-ի հետ զրույցում նշել է, որ հրամանը կապահովի վաճառքի նման անվանումներով, բայց տարբեր բաղադրությամբ ու ներգործությամբ դեղամիջոցների հետ կապված բժշկական սխալների նախազգուշացման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի հրահանգների կատարումը:

«Ռուսաստանի բժշկական վիճակագրությունը այդպիսի սխալների հաշվարկ չի կատարում: Բայց, օրինակ, ԱՄՆ-ում դրա հետեւանքով տարեկան գրեթե 7 հազար հիվանդ է մահանում»,- ասել է Ալեքսանդր Յավորսկին:

Դեղանունների շուրջ մշտապես դատական վեճեր են ընթանում: Օրինակ՝ վերջերս դատական գործընթաց էր ընթանում «ՊԻԿ-Ֆարմա» եւ Zentiva ընկերությունների միջեւ: Մեկը հիպերտոնիայի դեմ «Կորոնել» հաբեր էր վաճառում, իսկ երկրորդը ստենոկարդիայի դեմ՝ «Կորոնալ»: Մի քանի տարի շարունակ հարաբերություններ են պարզում «ԱնտիԳրիպին» եւ «Անտիգրիպին Մաքսիմում» արտադրողները: