ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեի առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրի միջեւ առկա խորը համագործակցությունն առավել ընդգրկուն եւ նպատակային դարձնելու հարցերը։
Դեսպանը հայտնել է առողջապահության տարբեր ոլորտներում ֆրանսիական կողմի աջակցության պատրաստակամության մասին։ Ֆրանսուա Շարպանտիեն մասնավորապես առաջարկել է համագործակցության հնարավորություններ ստեղծել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող Բիզնես Ֆրանս փաստահավաք եւ հետազոտական կազմակերպության հետ, որն այս տարվա ամռանը Հայաստանի առողջապահության առանձին ոլորտներում ուսումնասիրություններ է կատարել։ Նա նաեւ առաջարկել է 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանում կազմակերպել առողջապահության ֆրանսիական օրեր` հայ հասարակությանը ֆրանսիական առողջապահական ծառայությունները ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ներդրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարում եւ այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաեւ սեպտեմբերին ՀՀ առողջապահության նախարարության եւ Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում հոգեբուժության ոլորտում համատեղ աշխատանքներն ակտիվացնելուն, առողջապահության կազմակերպման ֆրանսիական փորձի ուսումնասիրմանը վերաբերող եւ այլ հարցեր։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հյուրին համառոտ ներկայացրել է ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված նոր մոտեցումները, այդ թվում` ֆինանսական եղած միջոցներն ու ներդրումները հնարավորինս արդյունավետ կիրառելու սկզբունքը։
Լեւոն Ալթունյանը կարեւորել է ֆրանսիական փորձի ներդրումն ինչպես առողջապահական ծառայությունների որակի բարելավման, այնպես էլ կառավարման ոլորտում։ Նախարարը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում շեշտադրել է առողջ ապրելակերպի, վնասակար սովորույթներից հրաժարվելու եւ առողջ սննդի օգտագործման կարեւորությունը։
«Այստեղ մենք կուզեինք մեր թիկունքին ձեր աջակցությունը զգալ հատկապես հանրության հետ երկխոսության ժամանակ»,-ասել է Լեւոն Ալթունյանը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ նախարարի կողմից հնչեցված խնդիրները համընկնում են իր մոտ հասունացած նկատառումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախաձեռնող հավաք կազմակերպելու։






