Massachusetts General Hospital-ի աշխատակիցներ Մարկ Ալբերսը եւ նրա գործընկերները նոր թեստ են մշակել, որի օգնությամբ կարելի է ախտորոշել Ալցհեյմերի հվանդությունը: Թեստը տարբերվում է մինչ այժմ գոյություն ունեցածներից եւ հիմնված է հոտերը տարբերակելու մարդու ունակության որոշման վրա:

Գիտնականները թեստը հաջողությամբ փորձարկել են ծանրության տարբեր աստիճանի մտավոր խանգարումներով 183 հիվանդների վրա: Կամավորները թեստերի շարք են անցել, որոնց  ընթացքում նրանց առաջարկվել է տարբերակել հոտերը, նույնականացնել հոտերը եւ այլն: Գիտնականները հոտերը տարբերակելու հատկության եւ մտավոր ֆունկցիաների միջեւ կապ են հայտնաբերել: Այսպես՝ այս թեստերում վատագույն արդյունք են ցույց տվել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ, քան չափավոր խանգարումներով մարդիկ կամ, օրինակ, առողջ կամավորները, որոնք մասնակցել են հետազոտությանը:

Ալցհեյմերի հիվանդությունը սկսում է զարգանալ շատ ավելի վաղ, քան առաջին ախտանշանները նկատելի են դառնում: Գիտնականների կարծիքով՝ թեստը կօգնի որոշել մեծ վտանգի խմբի հիվանդներին եւ նրանց, ում մոտ Ալցհեյմերի հիվանդությունը դեռեւս չի դրսեւորվել, բայց սկսել է զարգանալ:

Նոր թեստի հեղինակները կարծում են, որ Ալցհեյմերի հիվանդությունն առնչվում է ոչ միայն մարդու մտավոր ֆունկցիաներին, այլ նաեւ հոտառության համակարգին՝ ներգործելով ուղեղի այն հատվածների վրա, որոնք կապված են հոտերը տարբերակելու հետ. հենց այս պատճառով հիվանդության զարգացման դեպքում հաճախ խափանվում է հոտերը տարբերակելու ունակությունը:

Գիտնականները ծրագրում են առաջիկայում ավելի խոշոր ընտրանքով ստուգել թեստի արդյունավետությունը: Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, բացառված չէ, որ այն մոտ ապագայում կիրառվի Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար: