Տոֆիցիտինիբ դեղամիջոցը երկու հիվանդների օգնել է վերականգնել մազերը. նրանք տառապում էին ընդհանուր ալոպեցիայով, որի դեպքում տեղի է ունենում մարմնի աստիճանական մազաթափություն: Այս դեղը նախատեսված է ռեւմատիկ արթրիտով տառապողների վիճակը թեթեւացնելու համար: Փորձն անցկացրել են Բրազիլիայի Սան Դիեգոյի Alber Einstein Hospital-ի հետազոտողները:
Տղամարդն ու կինը 10 տարվա ընթացքում աստիճանաբար լիակատար մազաթափություն են ունեցել: Այդ ընթացքում բժիշկները չեն կարողացել արդյունավետ բուժում ընտրել՝ ոչ մի դեղամիջոց ի զորու չի եղել ճաղատացումը կասեցնելու:
Իհարկե, ալոպեցիան կյանքին վտանգ չի սպառնում, սակայն այն լուրջ խնդիր է դրա հետ բախված հիվանդների համար: Մարդկանցից շատերը (հատկապես կանայք) պակաս շփվող են դառնում, նրանց մոտ դեպրեսիա եւ ընկճվածություն է առաջանում: Դեպքեր են հայտնի, երբ մազերը կորցրած հիվանդները ինքնասպանության էին պատրաստ: Արդյունավետ բուժումը եւ մազածածկույթի վերականգնումը կօգներ խուսափել ալոպեցիայի հետ կապված հոգեբանական բազմաթիվ խնդիրների առաջացումից
Արդյունավետ է եղել միայն տոֆիցիտինիբի, JAK-կինազայի ինհիբիտորի կիրառմամբ բուժումը, որը նշանակվում է ռեւմատիկ արթրիտով տառապողներին: Հիվանդներն այն ընդունել են ամեն օր, եւ երկու ամիս հետո սկսվել է մազածածկույթի վերականգնումը: Դիտարկումների 9 ամսվա ընթացքում հիվանդների մոտ որեւէ լուրջ կողմնակի էֆեկտ չի նկատվել: Նախկինում հաղորդվել է այդպիսի առնվազն մեկ դեպքի մասին՝ 2014 թվականին ամերիկացի գիտնականները բուժել են ընդհանուր ալոպեցիայով տառապող մի 25-ամյա հիվանդի:
Սեպտեմբերին հրապարակվել են օջախային ալոպեցիայով տառապող հիվանդների մասնակցությամբ դեղամիջոցի փորձարկման արդյունքները. այդ ժամանակ դեղամիջոցն օգնել է հիվանդներից 32 տոկոսին (նրանց մազածածկույթը վերականգնվել է 50 եւ ավելի տոկոսով):






