Նոյեմբերի 16-ին Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:

Ապագա եւ նորաթուխ մայրերի համար նախատեսված սենյակում աշխատելու են  վերապատրաստում անցած մասնագետներ՝ այցելուներին կրծքով կերակրման առավելությունների, կերակրման նրբությունների, հնարավոր  դժվարությունների, դրանց կանխարգելման մասին իրազեկելու առաքելությամբ:

Հյուրերը հետեւեցին խորհրդատվության սենյակի առաջին այցելուների հետ աշխատանքին եւ նրանց օրինակով գնահատեցին սենյակում տարվող աշխատանքների արդյունավետությունը:

«Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Ընտանիքի ակադեմիա»-ի համատեղ՝ «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի բաղադրիչներից է: Նույնատիպ սենյակ միաժամանակ շահագործման կհանձնվի Արարատ քաղաքի ծննդատանը կից պոլիկլինիկայում:

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն ընթանում է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում եւ Երեւանում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է: Հաղթարշավն իրականացվում է հինգ ճանապարհով՝ ֆոտոմրցույթ, լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ,  կրծքով կերակրման սենյակների բացում, կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում: