Որքան վաղ սկսվի կաթվածի բուժումը, այնքան ավելի շատ առողջ օրեր կունենա հիվանդն ապագայում, ընդ որում՝ այս դեպքում հաշվարկը րոպեներով է՝ այսպիսին են նոր հետազոտության արդյունքները:

Փորձագետները պարզել են, որ կաթվածով հիվանդները կաթվածի և առաջին բուժօգնության միջեւ եղած ժամանակահատվածում խնայած ամեն րոպեի դիմաց առողջ կյանքի մոտ երկու օր են շահել, փոխանցում է Fox News-ը:

«Սպասումի ամեն 15 րոպեն կյանքից մեկ ամիս է կրճատում»,- Reuters Health-ի հետ զրույցում ասել է Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի առաջատար հետազոտող բժիշկ Ատտե Մերետոյան:

Ամեն դեպքում, բուժման ժամանակի եւ առողջ օրերի քանակի ճշգրիտ հարաբերակցությունը տարբեր մարդկանց դեպքում տարբեր է, ասում է բժիշկը:

Չնայած բոլորը գիտեն, որ կաթվածի դեպքում բժշկական անհապաղ օգնություն է պետք՝ տվյալ հետազոտությունը հաստատում է, թե որքան վտանգավոր կարող է լինել  ցանկացած ուշացում, ասում են հետազոտողները:

Կաթվածի վրա հասնելուց հետո առաջին 60 րոպեն «ոսկե» ժամ է համարվում բուժման համար, որովհետեւ հիվանդները, որոնք այդ ընթացքում են բուժօգնություն ստանում, սովորաբար լիովին ապաքինվում են:

Իրենց նոր աշխատանքի համար հետազոտողներն ուսումնասիրել են երկու փորձերի տվյալները՝ պարզելու համար, թե ինչպես է կաթվածի բուժման ժամանակը կապված կաթվածից հետո հիվանդների կյանքի հետ:

Ֆինլանդիայում եւ Ավստրալիայում կատարված հետազոտություններին մասնակցել է կաթված տարած 2258 մարդ:

Հետազոտողները հաշվել են, որ հիվանդները բուժման սկզբում խնայած ամեն րոպեի դիմաց լիարժեք կյանքի միջինում 1.8 օր են շահել:

Ուսումնասիրողներն ասել են, որ հիվանդանոցներն արդեն միջոցներ են ձեռնարկել՝ կաթված տարած հիվանդների բուժումը սկսելու համար ժամանակ խնայելու նպատակով: Բայց ցավոք, դեռ բավարար աշխատանք տարված չէ կաթվածի ախտանիշերի մասին մարդկանց տեղեկացնելու ուղղությամբ, եւ շատերը պարզապես չեն հասկանում, որ պետք է անմիջապես բժշկի դիմեն:

Եթե Դուք հետեւյալ ախտանիշերից մեկն ունեք, անհապաղ շտապօգնություն կանչեք՝ դեմքի ծռում, թուլություն, ձեռքերի թմրություն, խոսքի հետ կապված խնդիրներ: