Հիվանդանալը սարսափելի է: Երբեմն՝ բուժվելը նույնպես: Հատկապես, եթե հիվանդներին մռայլ պատեր, ճռռացող դռներ, մութ ու նեղ միջանցքներ են շրջապատում: Այն, ինչի մասին նախկինում նախընտրում էին լռել, այսօր թեթեւացած են հիշում: Հիշում են բոլորը՝ պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հիվանդները, ծնողները, բուժանձնակազմը, որոնք նոյեմբերի 8-ին նոր շենք տեղափոխվեցին: Նոյեմբերի 16-ից էլ վառ, ընդարձակ հիվանդասենյակներում են նաեւ հիվանդները: Այն մասին, թե ինչպես են զգում արդիականացված կենտրոնի հիվանդները, նրանց ծնողներն ու բուժանձնակազմը՝ NEWS.am-ի թղթակցի պատրաստած նյութում:

Վարդուհի Ստեփանյանը որդու հետ Գյումրիից մայրաքաղաք Երեւան է տեղափոխվել 5 ամիս առաջ: Այդ օրից ի վեր անդադար պայքարում են ախտորոշման դեմ:
«Բուժումը սկսեցին հին շենքում: Մթնոլորտն այնտեղ ճնշող էր, ստիպված էինք ամեն ինչի մասին հոգ տանել, բառացիորեն ամեն մի մանրուքի: Այստեղ ամեն ինչ մտածված է՝ կեցության տարրական պայմաններից մինչեւ սնունդը: Հիվանդասենյակներում նույնիսկ հեռուստացույց կա»,- նշեց կինը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ տեղափոխությունը զգալիորեն ազդել է բոլոր երեխաների տրամադրության վրա:
«Պայմաններն այստեղ շատ ավելի լավ են: Պատերի պայծառ գույները բարձրացնում են տրամադրությունը»,- համեստորեն հավելեց պատանի հիվանդներից Ա.Կ.-ն:

Կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանն ընդգծում է. բուժման հաջողության գործում շատ բան կախված է միջավայրից:
Մասնագետի պարզաբանմամբ՝ մռայլ պատերը ճնշում են, ազդում են առանց այն էլ դեպրեսիայի հակում ունեցող դեռահասների անկայուն հոգեկան վիճակի վրա:
«Երկու օր առաջ մեր 15-ամյա հիվանդներից մեկը փախավ՝ հրաժարվելով շարունակել բուժումը: Երկար համոզելուց հետո, որ հիմա ամեն ինչ այլ է լինելու, նոր հիվանդասենյակ եւ ավելի լավ պայմաններ է ունենալու, հաջողվեց վերադարձնել նրան»,- պատմեց Լալա Վաղարշակյանը:
Նրա խոսքով՝ նոր շենքում աշխատանքը ոգեշնչել է նաեւ բուժանձնակազմին:
«Երբ մտնում ես մաքուր, լուսավոր, գեղեցիկ վայր, ինքդ էլ փոխվում ես: Դրական ես տրամադրվում: Բժիշկները հաճախ ստիպված են լինում տխուր լուրեր հաղորդել ծնողներին, սատարել նրանց երեխաների բուժման ընթացքում: Այդ դժվարին ուղին միասին ենք անցնում՝ սկզբից մինչեւ վերջ»,- հավելեց նա:
Արյունաբանական կենտրոնում շուտով կսկսեն աշխատել ողնուղեղի փոխպատվաստման նոր բաժանմունքներն ու ցողունային բջիջների լաբորատորիան:
«Կենտրոնի բոլոր բժիշկները որակավորման դասընթացներ են անցել Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Ամեն դեպքում, սկզբնական շրջանում փորձառու մասնագետների ենք հրավիրելու արտերկրից, որոնք մասնակցելու են վիրահատություններին»,- ամփոփեց Վաղարշակյանը:






