Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բժշկական գիտությունների թեկնածու Արա Հայրապետանի ղեկավարությամբ դիմածնոտային եւ դեմքի էսթետիկ վիրաբուժության ծառայությանն առընթեր ներդրվել եւ հաջողության կիրառվում է դեմքի երիտասարդացման նոր տեխնոլոգիա՝ Nano Fat Grafting կամ միկրոլիպոֆիլինգ: Այս մասին հաղորդում է «Էրեբունի» ԲԿ-ի կայքը:

Գործողությունը քիչ ինվազիվ է՝ հիվանդի համար նվազագույն վնասվածքով եւ անհարմարությամբ: Այն կատարվում է ամբուլատոր պայմաններում: Միկրոլիպոֆիլինգը հրաշալի կերպով համադրվում է լիպոֆիլինգի հետ՝ բարելավելով վերջինի արդյունքները:

Միկրոլիպոֆիլինգը կամ նանոլիպոֆիլինգը մեթոդ է, որը թույլ է տալիս ավելի մեծ քանակությամբ ցողունային բջիջներ ներարկել, քան սովորական լիպոֆիլինգի պարագայում: Սա իր հերթին թույլ է տալիս դեմքի մաշկի համար ավելի մեծ երիտասարդացնող արդյունք ապահովել: Դեմքի մաշկի մակերեւույթում ճարպային բջիջների ներարկման արդյունքն ավելի երկարատեւ է:

Նանոլիպոֆիլինգը թույլ է տալիս շտկել մաշկի արտաքին թերությունները, նվազեցնել դեմքի դեֆորմացիան եւ հարթել կնճիռները՝ չդիմելով ավելի տրավմատիկ այնպիսի գործողությունների, ինչպիսին են խորը պիլինգը, լազերային հարթումը, կնճիռները հարթելու համար սինթետիկ արտադրանքի ներարկումը:

«Նանոլիպոֆիլինգը սինթետիկ արտադրանքի հրաշալի այլընտրանք է, եւ երկարաժամկետ արդյունք է տալիս»,- ասում է բժիշկ Հայրապետյանն ու բոլորին առողջություն եւ գեղեցկություն մաղթում:

https://www.erebunimed.com/arm/news.more/213