Իրար միացված սիամական երկվորյակները Նիգերիայից բարեհաջող վիրահատության են ենթարկվել Թենեսիի հիվանդանոցում՝ իրենց ծննդյան մեկ տարվա նախօրեին։
Միրըքլ եւ Թեսթիմոնի Այենիները իրարից անջատվել են 18 ժամ տեւած վիրահատության ընթացքում, որը մեկնարկել է նոյեմբերի 7-ին եւ ավարտվել հաջորդ օրը Մեմֆիսի Le Bonheur մանկական հիվանդանոցում։ Վիրահատության ժամանակ բժիշկները աղջիկներից մեկին կանաչ, մյուսին վարդագույն գլխարկ էին դրել, որպեսզի ավելի հեշտ ճանաչեն։
Միրըքլն ու Թեսթիմոնին իրար կպած էին մարմինների ստորին հատվածում, բժիշկները նրանց անջատել են կոնքերի եւ ընդհանուր աղիների պայմաններում։ Նման ծնունդներ լինում են 5 միլիոնից մեկի դեպքում։
Վիրահատությանը 20 բժիշկ է մասնակցել, իսկ երեխաների խնամքով ընդհանուր առմամբ զբաղվել է 100 մարդ։ Բժիշկ Մաքս Լանգհեմը, որը ղեկավարել է բժիշկների խմբին, ասում է. «Առանց վիրահատության երեխաների վիճակն ապագայում շատ վատ կլիներ»։
Այենիների ավագ դուստրը՝ Marvelous-ը, երեք տարեկան է, մոր խոսքով, նա առաջնորդ է իր քույրիկների համար։ Մեմֆիսի հիվանդանոցի բժիշկներն ասում են, թե ընտանիքը, չնայած իրենց պատուհասած դեպքին, շատ երջանիկ եւ հոգատար է, իսկ երեխաները չափազանց լավատես են։ Վիրահատությունից հետո բժիշկները որոշել են արդեն առանձին քույրերին եւս մի քանի ամիս պահել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան։
Ի դեպ, սա երկրորդ դեպքն է, երբ Մեմֆիսի Le Bonheur մանկական հիվանդանոցում սիամական երկվորյակների են բաժանում իրարից, առաջինը 2011 թվականին է եղել։





