Մեծ Բրիտանիայից քաղցկեղի հազվագյուտ տեսակով հիվանդ 14-ամյա աղջիկը մահից կարճ ժամանակ առաջ շահել է մահից հետո մարմինը սառեցնելու հարցով հարազատ հոր դեմ դատական հայցը: BBC-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշումը կայացրել է դեռեւս հոկտեմբերին, սակայն իրավաբանական գործընթացի պատճառով այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Հանգուցյալի մայրը հենց սկզբից դեմ չի եկել կրիոսառեցմանը, սակայն անչափահաս աղջկա կենսաբանական հորն այդ գաղափարը դուր չի եկել:
«Եթե անգամ 200 տարի անց նրան կյանք վերադարձնեն, նա կարող է որեւէ հարազատի չգտնել, չի հիշի, թե ինչ է արել մինչեւ 14 տարեկանը, բացի այդ՝ կարթնանա ԱՄՆ-ում»,- բացատրել է տղամարդը, որը երեխայի մորից բաժանվել է շուրջ 6 տարի առաջ եւ մինչ դստեր մահը գրեթե չի շփվել նրա հետ:
Կյանքի վերջին ամիսներին շատ է կարդացել կրիոսառցարանների մասին եւ որոշել, որ մարմնի պահպանումն իրեն կյանք վերադառնալու հնարավորություն կտա, եթե անգամ դա տեղի ունենա իր մահից հարյուրավոր տարիներ անց:
«Չեմ ուզում, որպեսզի ինձ հողի տակ թաղեն: Ուզում եմ ապրել եւ ապրել երկար, մի ապագայում, որտեղ քաղցկեղից ինձ բուժելու միջոց կգտնեն եւ կարթնացնեն ինձ: Ուզում եմ ունենալ այդ հնարավորությունը»,- մահից առաջ գրել է աշակերտուհին:
Աղջկա օգտին որոշում կայացրած դատավոր Փիթեր Ջեքսոնը հիվանդասենյակում մեռնող աղջկան անձամբ է տեղեկացրել այդ մասին եւ հուզվել նրա կամքի ուժից:
Նա նաեւ կառավարությանն առաջարկել է օրենսդրական հիմք ստեղծել՝ ապագայում կրիոսառեցման համար:
Ներկայում մասնագետները միանշանակ պատասխան չունեն հարցին, թե ինչպես կարելի է խորը սառեցումից հետո մարմինը կյանք վերադարձնել:
Անժամկետ պահպանման արժեքն այսօր շուրջ 37 հազար ֆունտ է (46 հազար դոլար), ընդ որում՝ Բրիտանիայում անհրաժեշտ կրիոսառցարաններ չկան, որոնք աշխատում են 130 աստիճանից ցածր ջերմաստիճանում: Դրանք գտնվում են միայն ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում:
Աղջկա մարմինը, որի անունը չի հրապարակվում, ակտիվիստների ջանքերով արդեն ԱՄՆ է տեղափոխվել:






