Հայաստանում 0-14 տարեկանների տարիքային խմբում գրիպով եւ սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության ակտիվացումը հաշվի առնելով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան գերատեսչություններին առաջարկել է նոյեմբերի 21-ից դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում համաճարակաանական ֆիլտր ներդնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի նույնպես այս միջոցը կիրառվել է, եւ այն բավական արդյունավետ է: Գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների ամենաչնչին ախտանշանով բոլոր երեխաներն անմիջապես կմեկուսացվեն եւ կփոխանցվեն առաջին օղակի բժիշկների հսկողությանը: Վանյանի խոսքով՝ դա թույլ կտա խուսափել հիվանդ երեխայի վիճակի բարդացումից եւ կանխել առողջներին վարակելու վտանգը: Նա հիշեցրեց, որ փակ տարածքներում մեծ թվով մարդկանց կուտակումների պարագայում վիրուսն ավելի արագ է տարածվում, հատկապես՝ ցուրտ եղանակին:
Արտավազդ Վանյանը դիմեց Հայաստանի քաղաքացներին, հատկապես՝ ծնողներին, խնդրելով, ուշադիր լինել եւ հիվանդության նույնիսկ թեթեւ ախտանշանի դեպքում երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ չուղարկել: Նա նաեւ կոչ արեց ընտանիքում հիվանդի առկայության դեպքում չմոռանալ անձնական հիգիենայի կանոնների մասին:
«Իհարկե՝ մենք չենք կարող վերացնել այդ հիվանդությունը, այն միշտ է լինելու, բայց զգոնության բարձրացման դեպքում կարող ենք կանխել բռնկումը կամ համաճարակն ու հնարավոր բարդությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ բոլոր ծանր դեպքերը, ընդհուպ՝ մահվան ելքով, կապված են հենց սկզբից հիվանդությանը լուրջ չվերաբերվելու հետ:
Արտավազդ Վանյանը կոչով դիմեց նաեւ գործատուներին՝ թույլ չտալ հիվանդ աշխատակիցներին աշխատանքի գալ: Հատկապես դա վերաբերում է հանրային սննդի ձեռնարկությունների հետ կապ ունեցողներին:
Նա հավելեց, որ Առողջապահության նախարարությունը մի շարք կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, այդ թվում՝ առաջնային օղակի բժիշկների, վարակաբանների, վերակենդանացման եւ այլ բաժանմունքների աշխատակիցների վերապատրաստում, ինչպես նաեւ ռիսկի խմբերի՝ մանկատների սաների, տարեցների ինտերնատների բնակիչների, փակ կլինիկաների հիվանդների, ինչպես նաեւ բժիշկների պատվաստում: Իսկ մյուսները կարող են, ցանկության դեպքում, պատվաստվել վճարովի հիմունքով:
Արտավազդ Վանյանն ընդգծեց, որ ներկայում հիվանդացության բռնկում չկա, միայն որոշակի ակտիվացում է նկատվել, բայց, շեմի գերազանցման ներկա տեմպերի պահպանման դեպքում կարող է բռնկում արձանագրվել, եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն: Հատկապես հաշվի առնելով այն, որ մինչեւ դպրոցներում դասերի ավարտը դեռ մեկ-մեկուկես ամիս կա:






