Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի հիվանդանոցներից մեկում հիվանդին սխալմամբ քիմիաթերապիայի կուրս են նշանակել. բժիշկը բուժումը նշանակել է միայն համակարգչային տոմոգրաֆիայի նկարի հիման վրա, առանց կնոջը լրացուցիչ հետազոտության ուղարկելու: Արդյունքում «հիվանդը» 6 ամիս բուժվել է 4-րդ աստիճանի քաղցկեղից, եւ երբ այդ ամիսների ընթացքում նրա վիճակում փոփոխություն չի եղել, լրացուցիչ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուռուցքներն իրականում բարորակ են:
Դա տեղի է ունեցել 2014-2015 թվականներին, հիվանդանոցի անունը չի հրապարակվում: Կինը գնացել է վիրաբույժի մոտ՝ խորհրդատվության, որը ՀՏ-ի նկարն ուսումնասիրելուց հետո ասել է, որ նա լյարդի 4-րդ կարգի քաղցկեղ ունի: Ուռուցքաբանը, որի մոտ բժիշկն ուղարկել է կնոջը, բուժման սխեմա է առաջարկել, որը ներառել է քիմիաթերապիայի 6-ամսյա կուրս:
6 ամիս անց կնոջ վիճակը չի փոխվել, լյարդի ուռուցքները չեն փոքրացել: Միայն դրանից հետո է ուռուցքաբանը ծանոթացել ՀՏ-ի տվյալների հետ՝ պարզելով, որ գոյացություններն իրականում բարորակ են:
Նոր տվյալների հիման վրա բուժումը փոխվել է, բացի այդ, կինը լրացուցիչ թերապիա է անցնում, քանի որ քիմիաթերապիան վնաս է հասցրել նրա օրգանիզմին: Կինն ամբողջությամբ կազդուրվել է, իսկ նրա գործը փոխանցվել է Նոր Հարավային Ուելսի Բժշկական խորհրդին: Այն պետք է որոշի, թե ինչ պատիժ պետք է կրեն վիրաբույժը եւ ուռուցքաբանն անփութության համար:






