Հայաստանի Երիտասարդ բժիշկների խորհուրդն առողջապահական ոլորտի բարեփոխումների շուրջ առաջարկությունների փաթեթ է պատրաստել, որը փոխանցվելու է ՀՀ կառավարությանը: Ծաղկաձորում անցկացվող Խորհրդի համագումարի ընթացքում այն հաստատվել է: Երեւանի կլինիկաներից եւ մարզային բժշկական կենտրոններից երիտասարդ բժիշկները նաեւ Խորհրդի 25 հոգանոց գործադիր մարմին են ձեւավորել, որում, բժիշկներից բացի, ներառվել են նաեւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ եւ իրավաբաններ: Խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Վանեսյանը:
Համագումարի ընթացքում ելույթ ունեցողները սահմանել են ոլորտի հիմնական խնդիրները. մարզերում մասնագետների պակաս, ցածր աշխատավարձեր, երիտասարդ բժիշկների մրցունակության պակաս, բնակչության ցածր վճարունակություն: Մասնակիցները համակարծիք են եղել, որ բժշկական ապահովագրությունը բոլոր խնդիրների լուծման առավել գործուն մեխանիզմ է: Բայց հարկավոր է հասկանալ, արդյո՞ք պետությունը պատրաստ է դրան:
Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն իր ելույթում նշեց, որ երիտասարդ մասնագետների հիմնական խնդիրն այն է, որ նրանք մրցունակ չեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նրա խոսքով՝ Երեւանի Բժշկական համալսարանի նույնիսկ գերազանց ուսանողը չի կարողանա քննություն անցնել, ասենք, ԱՄՆ-ում: Բացի այդ, բժիշկներն ապահովագրված չեն հիվանդների եւ նրանց հարազատների կողմից բռնությունից, ինչպես նաեւ բուժհաստատությունների ղեկավարների կամայական վերաբերմունքից:
Այս խնդիրներին ի՞նչ լուծում է տեսնում Հայկ Մանասյանը: Նախ՝ ներքին շուկայի ընդլայնման համար հիվանդը պետք է վճարունակ լինի, եւ այդդեպքում բժիշկը նորմալ աշխատավարձ կստանա: «Կարծում եմ՝ համընդհանուր բժշկական ապահովագրությունը միանշանակ կլուծի այդ հարցը, այլ հարց է, թե որքանով է մեր երկիրը պատրաստ դրան»,- ասաց նա: Երկրորդ՝ գիտելիքի վրա հիմնված մրցունակության համար անհրաժեշտ է, որպեսզի բուժհաստատությունների թիվն ավելանա, եւ նրանց միջեւ նորմալ մրցակցություն ձեւավորվի, ինչը կհանգեցնի որակյալ բժիշկների պահանջարկի աճի:
«Առանց գիտակ մասնագետների թանկարժեք սարքավորումներն ընդամենն անպետք դեկորացիա են»,- նշեց նա: Ինչ վերաբերում է բժշկական կրթության որակին. Հայկ Մանասյանի կարծիքով՝ Երեւանի Բժշկական համալսարանի գերազանց շրջանավարտը պետք է կարողանա գոնե ամերիկյան USMLE համակարգում անցողիկ միավորներ հավաքել:
Լրագրողների հետ զրույցում Խորհրդի նորընտիր նախագահ Նարեկ Վանեսյանը նշեց, որ իրենց առաջարկներն ուղղված են առողջապահական համակարգի «առողջացմանը»: Նրա խոսքով՝ իրենք բազմիցս են բարձրացրել բժշկական ապահովագրության հարցը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում բազմաթիվ մարդիկ ապահովագրություն չունեն, բայց նաեւ գումար չունեն՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար: Երիտասարդ բժիշկների խորհուրդն այսօր հանդես է եկել նախաձեռնությամբ, որը վերաբերում է երկրի երիտասարդ բնակչությանը՝ շուրջ 200 հազար մարդու: Նա հիշեցրեց, որ Եկամտահարկի մասին օրենքով երիտասարդները կարող են այդ հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսներ վճարել, եւ հավելեց, որ երիտասարդ բնակչության միայն 10%-ը կարող է իրեն թույլ տալ բնակարան գնել: Խորհուրդն առաջարկում է, որպեսզի երիտասարդների եկամտահարկից տարեկան մեկանգամյա վճարման տեսքով գումար պահվի՝ 30.000-50.000 դրամի չափով բժշկական ապահովագրության համար:
Խորհուրդը նաեւ կարծում է, որ հարկավոր է հստակեցնել Առողջապահական պետական գործակալության գործառույթները, քանի որ, կանոնադրության համաձայն, գերատեսչության վրա գործառույթներ են դրված, որոնք այն փաստացի չի կարողանում իրականացնել: «Օրինակ՝ բժշկական ծառայությունների որակի վերահսկողությունը: Բայց եթե ինչ-որ բան անչափելի է, ինչպե՞ս կարելի է այն վերահսկել: Գրված է՝ վերահսկել բուժման գործընթացը, բայց այդ գործընթացի չափման չափանիշներ մշակված չեն»,- ասել է նա: Այս առիթով Երիտասարդ բժիշկների խորհուրդն առաջարկում է անկախ մարմին ստեղծել, որը պետական չի լինի: Այն կգնահատի բուժհաստատությունների աշխատանքի որակը եւ ամեն տարի հավատարմագիր կտա: «Բոլոր զարգացած երկրներում նման համակարգեր կան»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանցից ամենահայտնին ամերիկյան JCI-ն է:
Ինչ վերաբերում է պետպատվերի բաշխմանը, ապա Խորհուրդն առաջարկում է կենտրոնացված մարմին ստեղծել՝ նման ապահովագրական բյուրոյին, որը շահառուների համար կվճարի այս կամ այն բուժհաստատություն դիմելու փաստով: Նման մոտեցումը, Նարեկ Վանեսյանի կարծիքով, կհանգեցնի բուժհաստատությունների միջեւ առողջ մրցակցության ձեւավորման:
Երիտասարդ բժիշկների խորհրդի առաջարկների փաթեթում արտացոլված են նաեւ մարզերում աշխատող երիտասարդ բժիշկների կենցաղային պայմանների բարելավման հարցերը, նրանց շարունակական բժշկական կրթությունը, ինչպես նաեւ մարզային բուժհաստատությունների ֆինանսավորման հարցեր:
Առաջարկների թվում են նաեւ պետական բուժհաստատությունների տնօրենի պաշտոնի համար մրցութային պահանջների վերանայումը, բժշկական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, ինչպես նաեւ «Բուժաշխատողի մասին» օրենքի մշակումը՝ բուժաշխատողների սոցիալական եւ իրավաբանական պաշտպանության նպատակով:
Հայաստանի Երիտասարդ բժիշկների խորհրդի համագումարին «Ամերիաբանկ»-ն առողջապահության ոլորտի աշխատողների արտոնյալ վարկավորման շուրջ հատուկ առաջարկությունների փաթեթ ներկայացրեց:






